Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

և մեր «ապադասակարգայինների» համար արվեստը մի նարկոզ է, հոգեթով միջոց կյանքը մոռանալու և ստեղծելու մի աշխարհ, ուր ոչ «պրոլետարական հեղափոխություն» կա և ոչ էլ նման «գռեհիկ» երկրային բաներ: Ա՜խ, այնտեղ «հավիտենական» սերն է և երազանքը:

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
-Քո անուշ անունով միշտ արբել,
Եվ երգով, որ քնավ չի մեռնում… 14
                       (Վ. Տերյան):


Սա նույն առասպելն է, որի մասին ասել է Սոլոգուբը՝ «Беру кусок жизни, грубой и бедной, и творю из него сладостную легенду, ибо я—поэт»15. Այսպիսի ահա պտուղներ է տվել «գեղեցիկը գեղեցկի համար» լոզունգը, կամ Հախումյանների «ինչպես»-ը, և չկարծեք, որ այդ սկզբունքն առաջ մղողը եղել է «մաքուր արվեստի» բախտով շահագրգռված լինելը։ Բոլորովին։ Այլ—այն, որ այդ լոզունգի ադեպտները շատ են դառնացած եղել կյանքից ու գալիքի հանդեպ սարսափահար՝ պիտի որ նման մի «ծակ» գտնեին—մի կողմից իրենց հոգու սնանկությունը ծածկելու, մյուս կողմից կյանքի դաժան հարվածներից պատսպարվելու համար։ Եվ ահա այսօր նման մի նեխած լաթ ձեռքերին մեր հայրենի մանր-բուրժուական-մեշչանական расхлябанный ինտելիգենտները համարձակվում են մոտենալ մեզ և քննության նյութ դարձնել մեր դեկլարացիան։

Ինչի՞ դեմ են բողոքում նրանք։ Ամենից առաջ մի փաստացի ուղղում: Ոչ մեր դեկլարացիայամ և ոչ էլ իմ հոդվածաշարում ոչ մի բառ անգամ չկա այն մասին, որ մենք ուզում ենք պրոլետարական կուլտուրա ստեղծել: