Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

հանճարով սերած Պուշկինի և Տոլստոյի վսեմագայն զարմից` վերջին օրգանական օղակը ոուսական գրականության դասական շղթայի, և իբրև քաղաքացի` պիտի դառնար գալիք աշխատավոր մարդկության համար մարտնչող մեծագույն ղեկավարների մեծագույն բարեկամն ու գաղափարակիցը...

Այս Գորկու մասին է ահա, որ ես ուզում եմ ասել իմ հարգանքի, սիրո և մեծարանքի խոսքը-ռուս հանճարեղ գրող Մաքսիմ Գորկու մասին, և նույնքան, եթե ոչ ավելի ևս հանճարեղ մարդու, քաղաքացու` Ալեքսեյ Պեշկովի մասին:

(Շարունակելի):

<ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆԻՑ>

(Հատված)

...Կատեգորիկ կերպով պետք է խուսափել 13-15 տարեկան երեխայի համար անըմբռնելի բառերից, տերմիններից և սխեմատիկ ֆորմուլներից գրականության դասակարգայնության մասին, որոնք բխում են մարքսիզմի հետ ոչ մի առնչություն չունեցող վուլգար սոցիոլոգիզմից և որոնք ոչ միայն արժեքազրկում են գեղարվեստական գրականության նշանակությունը մարդկային կուլտուրայում, ոչ միայն սեր չեն առաջացնում աշակերտի մեջ դեպի գրականությունը, ոչ միայն չեն նպաստում աշակերտի մեջ գեղարվեստական ճաշակի զարգանալուն, այլև միանգամայն սխալ և անընդունելի գաղափար են տալիս նրան մարքսիստական վերաբերմունքի մասին դեպի անցյալ և ներկա գրական արժեքները: