Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/307

Այս էջը սրբագրված է

պուբլիցիստիկայի, մեր գիտության, մեր պետական հիմնարկների լեզուն։ Ահավասիկ այդ լեզուն իր հիմնական գծերով, իր հիմնական ուղիներով զարգացել է գերազանցապես մեր գաղութներում։

Մենք ունեցել ենք «Հյուսիսափայլի»1 լեզու, որ հետագայում շարունակել են մեր մի շարք հեղինակներ, ինչպես օրինակ, Միքայել Նալբանdյան, Գամառ Քաթիպա, Սմբատ Շահազիզ, և ապա հետագայում Տերյանի միջոցով հասել է մեզ և կազմել այն ընդհանուր կենտրոնաձիգ գրական լեզուն, որը հիմնական, տիրապետող լեզու է եղել մեր ամբողջ գրականության մեջ:

Սրա կողքին մենք ունեցել ենք մի ուրիշ գիծ. դա գավառական լեզուներին կողմնակից լինելու գիծն է, որ գալիս է, ինչպես գիտեք, ոչ թե հաջորդաբար զարգանալով և ավելի բարձր որակ ստանալով, շարունակաբար մեկը մյուսի ետևից, այլ կենտրոնախույս ձևով, էգոցենտրիկ ձևով։ Այսպես, մենք ունենք Արարատյան բարբառը, Խաչատուր Աբովյանի լեզուն, որ արարատյան գավառաբարբառն է և որով խոսում են հայերի ավելի փոքր մասը: Այդ գծի շարունակողը եղել է Պերճ Պռոշյանը։ Սրա կողքին մենք ունենք Գաբրիել Սունդուկյանի լեզուն, որն իր լեզվական ամբողջ կուլտուրայով ոչ մի կապ չունի ոչ միայն արարատյան բարբառի հետ, այլ իր մեջ ամփոփված ամբողջական մի լեզու է ներկայացնում, որով խոսում են ավելի քիչ քանակությամբ մարդիկ, քան ենթադրենք խոսում էին նույն արարատյան բարբառով։ Բացի Գաբրիել Սունդուկյանի լեզվից, մենք ունեցել ենք բազմաթիվ այլ հեղինակներ, որոնք գալով իրենց գավառից ստեղծել են իրենց գավառային լեզուն, և, իհարկե, բոլորովին կտրված մեր գրական ընդհանուր լեզվից։ Այդ հեղինակների լեզվի ամենահիմնականն այն է, որ նրանց մեջ տեղական, ժարգոնային գավառաբարբառները