Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/318

Այս էջը սրբագրված է

շարքում բոլորովին տեղ չէին կարող գտնել գավառային ֆակտուրան և ոչ էլ գեղջկականը։

Հիմնականում ո՞րն է իմ գլխավոր թեզը այս հարցի վերաբերյալ. հետևյալը. եթե որոշ մարդիկ կարծում են, թե Հով. Թումանյանի լեզուն լեզվական այն հունն է, որ կարող է լինել մեզ համար առաջատար հուն և նպաստել մեր լեզվի զարգացմանը, ապա միանգամայն սխալվում են, քանի որ այն, ինչ բաժանում է նրան Տերյանից. Տերյանի ավելի բարձր գրական լեզվից, Հով. Թումանյանի լեզվի այն էլեմենտներն են, որոնք չեն կարող ընդհանուր դառնալ մեր ընդհանուր կյանքի համար, որոնք չեն կարող ինտելեկտուալ լեզու դառնալ, որոնք բխում են գյուղական թեմայից, և երբ Հով. Թումանյանը հեռանում է այդտեղից, հրաժարվում է նաև լեզվական այդ էլեմենտներից։ Վերջին ժամանակներս ես խմբագրում եմ նրա ժողովածուն և տեսնում եմ, որ մի տասը տեղ «էս» և մի շարք տեղեր «այս» է գործածում։ Նշանակում է ուրեմն նա չի կարողացել վերջնական ընտրություն կատարել։

Վերցնենք Վահան Տերյանի լեզուն, տեսնենք, թե ինչ կարող ենք մենք վերցնել այսօր նրանից։

Վահան Տերյանի լեզվի կուլտուրան պարզ պատկերացնելու տեսակետից շատ հետաքրքիր է համեմատության մեջ դնել նրա 1908 թ. հրատարակած առաջին գիրքը 1912 թ. հրատարակության հետ: Վահան Տերյանի լեզվական զարգացումը ես կարող եմ չորս շրջանի բաժանել.

Առաջին. «Մթնշաղի անուրջներ» — 1908 թ. հրատարակություն: Երկրորդ շրջանը, դա 1912 թ. հրատարակությունն է9, երբ Վահան Տերյանը մի շարք սկզբունքային փոփոխությունների է ենթարկում այդ գիրքը: