Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/320

Այս էջը սրբագրված է

Ինչպես տեսնում եք բացարձակապես ոչ մի գավառային էլեմենտ դուք այստեղ, ինչպես և նրա բոլոր բանաստեղծություններում, չեք գտնի։ Հետաքրքիրն այն է, որ Վահան Տերյանը, բացի լիրիկայից, ոչ մի կոնկրետ թեմայով գրվածք չունի։ Վերջին շրջանում նա փորձել է գործ ունենալ նման կոնկրետ թեմայի հետ. գրել է մի բանաստեղծություն, որտեղ նա նկարագրում է ավտոն (կարդում է)12:

Ինչպես տեսնում եք սա ո՛չ մշուշ է, ո՛չ երազ: Եվ այստեղ խախտվում է նրա լեզվական ներդաշնակությունը, և լեզվական ֆակտուրան սկսում է փոխվել: Իսկ երբ նա փորձում է էպիկական թեմա մշակել, ինչպես օրինակ «Դոն-Ժուան» պոեմում13, որից մնացել է մի փոքրիկ հատված, ապա տեսնում ենք, որ, թեև այն որպես դրամա պետք է գործողությունների հետ կապված լինի, սակայն, երբ Դոն-Ժուանը ուզում է խոսել իր սիրուհու` Դոննա-Աննայի հետ, այստեղ նորից սկսում է Վահան Տերյանի բանաստեղծությունը։ Դոն-Ժուանը Դոննա-Աննային ասում է. «Ինձ մոտ մնա, դու իմ քնքուշ, դու իմ» և այլն, ճիշտ այնպես, ինչպես Տերյանն ինքը բանաստեղծում է։

Թեման կստիպեր որևէ էլեմենտ մտցնել լեզվի կախարդական այլ շրջաններից, և նա նման փորձեր անում էր. նա սկսել էր ժողովրդական մի շարք ոճեր գործածել, ստիլիզացիայի ենթարկելով, իր բառապաշարի մեջ մտցնել միջնադարյան քնարերգության ոճային որոշ էլեմենտներ։ Սա, իհարկե, այնուամենայնիվ նրան հնարավորություն չի տալիս ավելի կոնկրետացնելու իր լեզուն, բայց իբրև տենդենց չափազանց հետաքրքիր է, որ նա գնում էր այդ ուղղությամբ։

Որքան էլ դեմ արտահայտվելու լինենք այս տենդենցին, այնուամենայնիվ մի բան կա, որ ամբողջովին