Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

նա զոռ է տալիս բառապաշարին, դիմում է այդ հեշտ միջոցին, ստեղծելով լեզվական մի ֆակտոր, որ բնորոշ է այդ մարդկանց համար, բայց չի կարող որոշակի օգուտ բերել լեզվին։

Ահավասիկ Նապոլեոն34, որ մի Խլեստակով է, բախտախնդիր մի մարդ. եկել է սովխոզ և իրեն հայտարարել ռևիզոր. (կարդում է)։ Այստեղ ձեն ու բովանդակությունը համընկնում են, լեզվական կուլտուրան նույնպես և՛ ինքնուրույն է, և՛ չափազանց բնորոշ. ես կկարդամ մի քանի տող ևս (կարդում է). տեսեք ինչպես է անվանել Նապոլեոն Սոխակիչ (ծիծաղ), իհարկե, լա՛վ է։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, թե լեզուն է համապատասխանում հերոսի հոգեբանությանը, և թե ընդհանուր լեզվական ֆակտուրան է լավ, ընդունելի, բայց ահավասիկ մի քիչ հետո ինչ է գրում. «Իմ տեմպերը-(շարունակում է կարդալ)։ Դրանից հետո գործ է ածում` «Պոսլե աբետը գորչիցա». այս տենդենցները չափազանց մեծ տեղ են գտել Դերենիկ Դեմիրճյանի պիեսում։ Այսպիսի գռեհիկ ձևեր և օտարաբանություններ շատ կան այստեղ:

Ես այժմ կտամ իմ եզրակացությունը35: Ես ուզում եմ առաջ քաշել հետևյալ երեք դրույթը։

Առաջին, մեր լեզվական տենդենցները հեղափոխությունից առաջ ամենից որոշակի արտահայտվել են Տերյանի և Թումանյանի լեզվում։ Թումանյանը աշխատել է ստեղծել մի սինթետիկ լեզու, որը, լինելով ընդհանուր դրական, միևնույն ժամանակ լինի ժողովրդի լեզուն: Ես ցույց տվեցի, որ այդ սինթետիկ լեզուն նրան չի հաջողվել ստեղծել, որովհետև նա միայն բառապաշարն էր վերցնում: Եթե մենք ուզենանք ամփոփել և արձանագրել,, թե ի՞նչ ենք հասկանում Թումանյանի լեզու ասելով, կտեսնենք, որ այն բոլոր էլեմենտները, որոնք կազմում