Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/34

Այս էջը սրբագրված է

նկատմամբ: Բայց բանը նրանումն է, որ մենք Հերոստրատին ընկերանալու պատվին էլ չենք արժանացել, որովհետև… Չարենցի հոդվածը ցույց է տվել նրանց մեր ուժերի չափը և մեր «համեստ զգաստությունը»24։ Թվում է, թե ի՞նչ վատ բան կա դրանում, որ մենք զգում ենք մեր ուժերի չափը. կարելի է ողջունել այդ, ուրախանալ. Բայց ոչ. արեք տեսեք, որ մեր «ապադասակարգային» պարոնին հարկավոր էր պանիկա ստեղծել, աղմկել, авось, մեկը կլսի և օգնության կգա։

Շատ իզուր։

Հարմարեցնելով առիթին՝ հոդվածագիր պարոնի և նմանների նկատմամբ կարելի է ասել նրանց սիրած Տերյանի հետևյալ տողերը.

Նիշված է «ձեր» բախտը վերուստ

Եվ չըկա փրկության դուռ…25

Հ.Գ. իմ այս հոդվածը գրված և ուղարկված էր «Խ. Հ.»-ին շատ ավելի առաջ, քան ընկ. Մակինցյանի զվարթ ֆելիետոնը26: Բայց մի շարք ինձ անհասկանալի նկատառումներով՝ խմբագրությունը հարկ համարեց նրա ֆելիետոնը լույս ընծայել իմ հոդված-պատասխանից առաջ։ Ինչքան էլ ինձ սկզբում անհաճո էր հոդվածիս հետաձգումը, բայց կարդալով ընկ. Մակինցյանի սրամիտ ֆելիետոնը, ես ամբողջովին միանում եմ խմբագրության «տակտիկային», գտնելով, որ իմ հոդվածի առաջադրություններից շատերը պատասխանում են և ընկ. Մակինցյանի ֆելիետոնին, ուստի և մեզ ազատում են հիմա ընկ. Մակինցյանի ֆելիետոնին առանձնապես պատասխանելու անհրաժեշտ պարտականությունից։ Իմ «Աթիլլա» բանաստեղծության մասին27 միայն պիտի ասեմ, որ նա գրված է 1916 թվին և նրանում պատկերացված է «հոների արքա հզոր Աթիլլը», որպես