Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/37

Այս էջը սրբագրված է

Հայտնի է բոլորին, որ անցյալ ամառ կազմակերպելով «Երեքը»՝ ես հանդես եկա որպես պրոլետարիատի դիկտատուրայի շրջանի պոեզիայի հիմնադիր մեզանում։ Հայտնի է և այն, որ, ինչպես արդեն դրել է ընկ. Չուբարը «Խ. Հ.»-ի էջերում3—մինչ այդ ոչ ոք ծպտուն անդամ չէր հանում մեզանում պրոլետարական գրականության մասին։ Մեր գրական ճահիճը ավելի քան անշարժ էր. ճահիճը հարկավոր էր շարժել։ Ես շարժեցի: Ընթերցողը հիշում է անշուշտ այն «փոթորիկը», որ պայթեց մեր գլխին աջից ու ձախից։ Բայց «փոթորիկն» անցավ4 և մնաց կենդանի գործը, որի անմիջական հետևանքներից մեկն է անշուշտ և այսօր գոյություն ունեցող Պրոլետարական գրողների ասոցիացիան5, որում չկա և ոչ մի գրող, որը այս կամ այն չափով կրած չլինի իմ ազդեցությունը։ Նույն Ազատ Վշտունին, որին ես հանեցի հրապարակ և տվի նրան իմ գրական պրեստիժը6—այսօր ամենաողորմելի ձևով կրկնում է իմ անցյալ ամառվա խոսքերն ու թեմաները (օր. իմ «Հ. Ս. Խ. Հ.» բանաստեղծությունը)7 և միևնույն ժամանակ նա, մաշված խոսքերրի այդ տխրահռչակ ասպետը, զանազան պրովոկացիոն միջոցներով, որ ես կարող եմ ապացուցել կուսակցական ընկերական դատարանի առաջ—դուրս է բերել տալիս իմ դեմ մի թյուրիմաց «բանաձև»։

Այս ամենը ես հարկ եմ համարում ասելու, որովհետև ինձ համար ավելի քան անհասկանալի է այդ ստրկամիտ պրովոկացիան, մանավանդ այն մարդկանց կողմից, որոնք այնքան հոխորտալով իմ դեմ—չեն կարողանում խուսափել իմ տիրող ազդեցությունից և իրենց ամեն մի խոսքում ու տառում հետևում են ինձ…

Անցնենք իմ չարաբաստիկ «Ռոմանս անսեր»-ին։ Ի՞նչն է նրա բովանդակությունը։ Սերը։ Եվ ոչ թե երկաթը կամ շոգին, ինչպես ասված է պոեմիս սկզբում։ Ինչո՞ւ: