Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/372

Այս էջը սրբագրված է

հասնելու է Ձեզ, թե ոչ։ Հիմա խնդրում եմ ինչպես իմ հշյալ վերջին նյութերը, այնպես էլ բոլոր այն նյութերը, որ Ձեզ մոտ կան` հրատարակելու համար աչքի առաջ չունենաք. ես Ձեզ նոր նյութեր կուղարկեմ2, իսկ ե՞րբ — չգիտեմ։ Իսկ իմ այդ նյութերը խնդրում եմ հարմար մեկի հետ ուղարկեք Երևան` ինձ:

Ընդունեցեք ամենախորին հարգանքներս`

Ձեր` Եղիշե Չարենց

<1>929, 20 II, <Երևան>

5. ԼԵՅԼԻԻՆ

Լեյլի1 ջան,

Ինչպես հին բարեկամի—գրում եմ էս նամակը Ձեզ, քանի որ ես հարազատ չունեմ էստեղ (և ո՛չ մի տեղ) և չեմ իմանում, թե ինչու Դուք էդպես մի օրվա մեջ ինձ էդքան հարազատացաք։ Վերջի<ն> ժամանակներս տխուր եմ, շատ եմ տխուր, անիմաստ եմ դարձել, ո՛չ գրել է լինում մի բան, ոչ էլ ապրել, ես ո՛չ մի անգամ էսքան չէի ձանձրացել աշխարքից,— էսպես է, ջան: Գինին ու կոնյակն էլ որ քչացել է — ավելի է վատ, ավելի անտանելի։ Մեկ էլ — գործը. Լուս. Ժող. Կոմի սարիատում ինձ տվել են Արվեստի բաժինը2, արվեստը լավ բան է, դե, բայց ազատ ժամանակն ու քեֆը ավելի են լավ մենակ մարդու համար։ Ես դեռ անցյալ տարի էդ անտեր մենակության մասին մի փոքր գազել էի գրե<լ>3. էս է.

«Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են.—

Կարմիր են, կրակե,—բայց, ախ, անամո՜ք են: