Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/38

Այս էջը սրբագրված է

Որովհետև ո՛չ թե իրեն ինքն է բնորոշում մեր հեղափոխական կամ «հակա» լինելը, այլ մեր վերաբերմունքը դեպի իրը:

Վաղուց հարկավոր է արխիվը նետել այն միամիտ համոզմունքը, որ «գործարան» ասելով մենք արդեն պրոլետարական հոգեբանություն ենք հայտաբերում: Այս տեսակետից մեր մինչայժմյա «պրոլետարական» գրականությունը տվել է զարմանալի խեղճ նմուշներ: Բավական է հիշել մեր ամենահայտնի «պրոլետարականի» «Գործարա՜ն, գործարա՜ն, գործարա՜ն, դու մեր սուրբ գիրքը և ավետարանը»8 կամ մի ուրիշի «սուրբ կոլեկտիվիզմը», որպեսզի աչքի ընկնի այն վայրենի և մեշչանական ըմբռնումը, որ կա մեզանում պրոլետարական պոեզիայի շուրջը: Լավ էր ասել Ի. Ստեպանովը «Известия»-ի էջերում9 իր «Взмах оглоблей» հոդվածում, որ երբ մարդ կարդում է ռուս պրոլետարականի «Горн» հանդեսը10—զարմանում է, թե ինչու՞ են նման էֆիոպական հանդեսի վրա գրում «պրոլետարական կուլտուրա» վերտառությունը: Նույնը ավելի մեծ իրավունքով կարելի է ասել և մեր «Մուրճ»-ի ու «Դարբնոց»-ի մասին: Իմ «Ռոմանս անսեր»-ով ես դուրս եմ եկել մի կողմից մեր հին (տերյանյան) պոեզիայի, մյուս կողմից մեր «պրոլետարականների» դեմ: Ցանկացել եմ պատկերել սերը: Ինչպե՞ս:—Տերյանյան պասիվ, երազային վերաբերմունքին դեպի «կինը», դեպի այդ բուրժուական «ցնորքը»՝ ես հակադրել եմ առնական ատելությունը դեպի այդ «ցնորք»-ը, որ մարմին ու միս ստանալով դառնում է ոչ այլ ինչ, եթե ոչ «ոսկեզօծ կատու», էգ,—ցույց եմ տվել նրա միջուկը.

«Ցնո՞րք» է:

Կգամ:

Մկանոտ: