Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/386

Այս էջը սրբագրված է

հրաժարվեինք պոետ լինելուց... Երբ այն, որի համար ամեն ինչ կարող ես զոհել, որը նպատակն է կյանքիդ` ամենայն հեշտությամբ ծածկվում ու կորստյան է մատնվում, որովհետև դու բացի պոետ լինելուց եղել ես և.. քաղաքացի։ Ради бога2, սպանեք քաղաքացուն, բայց մի մոռանաք պոետը։ Քաղաքացին այսօր է, պոետը — միշտ: Քաղաքացուն կարող եք սպանել, պոետին — ո՛չ երբեք։ Քաղաքացուն պետք է սպանել, եթե նա վնասակար է օրվա տեսակետից, բայց պոետը, եթե նա իսկական պոետ է և ոչ «հանգաշար քաղաքացի», որքան էլ վնասակար թվա օրվա տեսակետից` օգտակար է «под знаком вечности»3... Այսպես է, բայց օրերը ավելի են «այսպես»— ուստի և все ерунда и метафизический вздор4!

«Երանի՜ ձեզ, որ պիտի գաք`
Մեզնից պայծառ, մեզնից ժպտո՜ւն...
Մենք մեր տան մեջ օտար եղանք,
Դուք տիրաբա՜ր կգաք մեր տուն...»5:


Այսպես էր ասում Գ. Քալաշյանը` նրանց, որ պիտի գան։ Իսկ եթե ընդհանրապես չգան... Եվ «տուն» էլ չլինի... Ի՜նչ կա որ. մի անգամ էլ եթե թուրքերը Արփաչայը անցնեն — ո՛չ «տուն» կմնա և ոչ էլ «ապագա», որ «գա»...

«...Երանի նրան, ով հայրենական տուն ունի հիմա...»

Այսպես էր ասել Վ. Տերյանը — Օրենբուրգում,—

«Ով խաղաղ սրտով մտնում է շիրիմ
Հազա՜ր, բյո՜ւր անգամ երանի նրան...»6։


Վ. Տերյան և Գ. Քալաշյան։ Երկու պոետ։ Երկու քաղաքացի։ Մեկը դաշնակցական, մյուսը բոլշևիկ։