Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/393

Այս էջը սրբագրված է

այդպես վառ էլ գերեզման կգնա իմ եղկ աճյունիս հետ, երբ մի գեղեցիկ գիշեր «կերթա հոգին իմ հուր մի գիշեր դադար կառնի!..»։

Այսպես ուրեմն, gloria victis5, սիրելի Հախումյան, փառք հաղթվածներին. և, ամենից առաջ իմ մասխարա սրտին, որ բարեկամական մրցադաշտում այսպես դոնքիշոտաբար6 պարտվեց... Օ, ոչ, ես չեմ հավատում դեռ դրան, սիրելի Շահիր, և գիտեմ, զգում է սիրտս, որ վաղը-մյուս օրը իմ բոլոր այս թուլամորթի կասկածներս ջուրը պիտի ընկնեն քո, Մամիկոնի և բոլոր լավ բարեկամների նամակոծումից!..

Ընդունիր ամենալավ բարևներս, այստեղ գրական ոչ մի նորություն համարյա չկա, որ գրեմ, բարևիր տիկնոջդ և ասա նրան, որ մի քիչ քիչ շվացնի։

Քո` Չարենց

Մոսկովիա, <1>922, 28 X

Հասցես կրկնում եմ, որ չասես թե կորցրել էիր.

Москва, Армянск. пер. д. № 2, полномочное представительство С. С. Р. Армении, Е. Чаренцу.

19. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն Գևորգյան,

Սրանով երրորդ նամակն եմ գրում ձեզ—ոչ մի պատասխան չունեմ։ Չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում այս սաբոտաժը, մի՞թե միայն «Միջագե՞տքն» էր մեզ «քիչ մը» մտերմացնողը... Ես ձեզ ուղարկեցի իմ երկու հատորը, ուղարկեցի իմ «Պոեզոզուռնան». շուտով կուղարկեմ իմ մի նոր պոեմր, որ կոչվում է «Ռոմանս անսեր»1 — և այդ բոլորը ո՛չ մի արժեք չունի՞