Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/398

Այս էջը սրբագրված է

որում կլինի իմ «Նայիրի»-ի շարունակությունը և իմ «Ասպետական»-ը։

Ինձ շատ ուրախացրեց, որ դու թարգմանել ես տվել իմ «Ամենապոեմ»-ը6. խորին շնորհակալություններս։ Անհամբեր սպասում եմ «Вестник Арменин» 2 համարին։ Եթե այդտեղ չտպվի — ուղարկիր ինձ ձեռագիր։

Այստեղ առանձին նորություն չկա։ Երկիրը շինվում է, մարդիկ զբաղված են գերազանցորեն գործնական աշխատանքով։ Գրական ասպարեզում նորություններ չկան, եթե ի նկատի չունենանք «Նորքը» և «Պայքարը»7, որոնք երևի արդեն ծանոթ են քեզ։ Ես շատ կուզեի իմանալ, թե ի՞նչ տպավորություն արավ իմ վեպը8 քո վրա:Ինչ վերաբերում է ինձ անձնապես՝ ես ոչինչ չեմ անում. տրամադրությունս վատ է. ուզում եմ գամ գնամ Պետրոգրադ9, չգիտեմ ոնց կլինի:

Սիրելի Կարեն, գրիր ի՞նչ կա այդտեղ։ Ի՞նչ ես անում և ի՞նչ ես մտադիր անել։ Ամառը գալո՞ւ ես Նայիրի, թե ոչ: Հետաքրքիր է նաև իմանալ, թե ի՞նչ գրական նորություններ կան այդտեղ: Ի՞նչ տպավորություն ստացար Աբովի գրքից10։ Ի՞նչ կա ռուս գրականության ասպարեզում։ Հայկունին և K0-ն ինձ շատ քիչ է հետաքրքրում. թքած վրաները, ինչ ուզում են անեն, ինչ ուզում են խոսեն։ Խնդրում եմ տեղյակ պահես ինձ, ինչպես խոսք էիր տվել, տեղիդ անցուդարձին — ես էլ իմ կողմից կգրեմ, միայն թե ինչ որ հետաքրքրում է քեզ գրիր հարցերի ձևով, որոնց և ես կաշխատեմ մանրամասն պատասխանել։

Նամակս գրում եմ շտապ ձևով, որ հասցնեմ: Չմոռանաս։ Չմոռանաս ուղարկել թարգմանությունը, թեկուզև ձեռագիր։ Նմանապես ուղարկի<ր> Աբովի գիրքը, որովհետև նա ինքը ծուլանում է ուղարկել։ Ընդունիր ամենաջերմ բարևներս, բարևում է Արփենիկ Ավետով-