Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

P. S. Խնդրում եմ նայես, որ հիշածս պոեմը ոչ ոք չկարդա մինչև լույս տեսնելը. սա ինձ համար ավելի քան կարևոր է։

Չարենց

25. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն,

Թուղթ առաջին

Մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, և ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)—հույս ու ավետում!

Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, և ոչ մի նամակ չեմ ստացել որևէ մեկից, և ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճաոել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ։ Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս և գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին1, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին, — մի խոսքով—ինչի մասին որ կուզես, — և, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես — նամակներով, գրքերով, ինչով կուզես1!