Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/408

Այս էջը սրբագրված է

գործը, որ կապված է ֆինանսականի հետ։ Մի խոսքով իմ ամբողջ հույսը Ձեզ վրա է միայն, և ես կարծում եմ, որ, եթե երբևիցե ինձ հաջողվելու է իրականացնել իմ այդ վաղեմի ցանկությունը—դա կարող է լինել միմիայն Ձեր աջակցությամբ։

Արտասահման ես ուզում եմ գնալ հոկտեմբերիս—5—6 ամսով։ Եթե ցանկությունս իրականանա միտք` ունեմ գնալ Գերմանիայի վրայով5, այդտեղ<ից> էլ. հնարավոր դեպքում, բոլոր եվրոպական կենտրոնները, և ապա անցնել Հյուսիսային Ամերիկա6: Կարծում եմ, որ հայկական գաղութներում կարող կլինեմ տալ մի շարք զեկուլցներ7 Հայաստանի կուլտուրական կյանքի և մասնավորապես արդի գրականության մասին: Իմ այս դիմումով շտապելուս պատճառներից մեկն էլ այն է, որ, եթե հնարավոր համարվի գնալս` ես հիմիկվանից կզբաղվեմ նյութեր հավաքելով (թվական և այլ տվյալներ Հայաստանի կրթական, շինարարական և այլ կողմերի մասին)— նյութեր, որ կարող են օգտակար լինել իմ հիշյալլ զեկույցներիս համար:

Եթե ինձ արտասահման գնալ չհաջողվի—մտադրություն ունեմ սեպտեմբերի սկզբին վերադառնալ Մոսկվա և վերջնականապես հաստատվել այնտեղ հույս ունենալով, որ մեր Կենտկոմը կամ Նարկոմպրոսը8 որևէ աշխատանք կտան Հայաստանի Պետհրատի Մոսկվայի բաժանմունքում9, կամ այլ հիմնարկում։

Ահա այս է իմ առաջիկա ծրագիրը և ես, հույսս ամբողջովին դրած Ձեր բարի տրամադրության վրա` սպասում եմ Ձեր պատասխանին։

Ընդունեցեք խորին հարգանքներս և կոմ. բարևներս,

Ձեր` Եղիշե Չարենց

<1>924, 3 VIII, Երևան