Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/411

Այս էջը սրբագրված է

և ես հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ այն գլուխ բերելու։

«Երկիր Նայիրին» ես մտադրություն ունեմ հրատարակել Ամերիկայում. եթե Դուք հաստատ համաձայնվում եք առաջաբան գրել4, ապա լավ կլիներ, որ ես այն ստանամ մինչև Մոսկվայից մեկնելս. հետո ուղարկել դժվար կլինի, և ես վախում եմ, որ չհաջողվի այն ստանալ։ Այնինչ առանց առաջաբանի ես դժվար թե հրատարակեմ արտասահմանում «Նայիրին», որովհետև առանց նրան նա դժվար թե հասնի այն նպատակին, որի համար գլխավո<րապես> և ուզում եմ հրատարակել արտասահմանում այդ գիրքս։ Ապա ես կուզեի մի երկու խոսք ասել այն ուղղումների մասին, որ անելու եմ «Նայիրիում»5. առաջին և ամենախոշոր շտկումը — դա պ. Մարուքեի պատմությունն է. վեպի I-ին մասում նա գավառացի հարբեցող վարժապետ է, ծեծում է երեխաներին. և այլն, II մասում—Դաշնակցության անպրինցիպ հակառակորդ, III-ում—բոլշևիկ... Այս հանգամանքը, ինչպես և մի շարք այլ թյուրիմարություններ, առաջ են եկել նրանից, որ ես վեպը գրել եմ երկար ընդմիջումներով և անմիջապես մաս-մաս հանձնել տպագրության. II հրատարակության համար ես հիմնովին կսրբագրեմ վեպս, կանեմ մի շարք կրճատումներ, կավելացնեմ մի շարք հատվածներ` ավելի ուռուցիկ դարձնելու համար բոլշևիկների արածները—մի խոսքով հույս ունեմ, որ այդ շտկումներից հետո վեպս մի բանի կնմանի։ Լավ կլիներ, եթե Դուք գրեիք ինձ Ձեր նկատողություններն այն մասին, թե ինչ տեղեր հարկավոր է շտկել, ուղղել կամ կրճատել. — եթե միայն ժամանակ ունեք և կարող եք նման մի աշխատանքի տրամադրել մի-երկու երեկո։