Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/462

Այս էջը սրբագրված է

և ես հարկադրված եմ լինելու կրկին զբաղվելու կողմնակի գրական աշխատանքով։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե ինձ Պետհրատից ազատելու միակ պատճառը ինձ ստեղծագործական հնարավորություն տալն է — ապա Պետհրատից ազատվելը ինձ չի տալիս այդ հնարավորությունը նյութական տեսակետից, և, ընդհակառակը, Պետհրատի աշխատանքը ինձ չի զրկում այդ հնարավորությունից ժամանակի տեսակետից` եթե ես ունենամ բացի Պետհրատի ռոճիկից այլ մշտական հասույթ:

Բացի այս` ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից և զբաղվել ստեղծագործությամբ: Պետհրատի աշխատանքը միակ պրակտիկ աշխատանքի ասպարեզն է, որին կապված եմ ես.—ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ, վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ Պետհրատի համար։

Ի նկատի ունենալով այս ամենը` խնդրում եմ ինձ թողնել Պետհրատում աշխատելու, եթե, իհարկե, Պետհրատից ինձ ազատելու համար, բացի վերոհիշյալ նկատառումից, չկա այլ նկատառում։ Իսկ եթե ապահովվող գրողների ցուցակում լինելը չի կարելի համատեղել որևէ պետական հիմնարկում պաշտոնավարելու հետ — ապա խնդրում եմ ինձ հանել այդ ցուցակից և թողնել ինձ Պետհրատում աշխատելու։

Սրա հետ միասին ես Լուսժողկոմատին ներկայացնում եմ գրավոր դիմում այն իմաստով, որ եթե չի կարելի Լուսժողկոմատի ֆոնդից ռոճիկ ստանալը համատեղել պաշտոնավարելու հետ — ապա ես հրաժարվում եմ այդ ռոճիկից` անկախ նրանից, թե կմնամ Պետհրատում աշխատելու, թե ոչ։