Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

են չափազանց հոռի ելույթներ, որոնցում իմ ելույթը որակվել է համարյա հակահեղափոխական ելույթ: Դժբախտաբար, ես իբրև անկուսակցական չեմ կարող ներկա լինել այդ տեղերում, որպեսզի ես իմ բացատրությունը տամ և ետ կասեցնեմ միտումնավոր պրովոկացիոն ելույթները։ Իմ հարցադրումը ես գտնում եմ միանգամայն ճիշտ և ոչ մի առարկություն չվերցնող, որի մասին ես ահավասիկ հայտնում եմ պաշտոնապես և գրավոր կերպով։ Ավելին: Ես գտնում եմ, որ ժամանակն է արդեն ցրելու մեր խորհրդւսյին գրողների կազմակերպության միջից այն զզվելի մթնոլորտը, որ մեզ ժառանգություն է մնացել նախկին Ասոցիացիայից, երբ գրողի յուրաքանչյուր ելույթին կպցվում էր քաղաքական յառլիկ, երբ յուրաքանչյուր աչքաբաց սկսնակ, կամ անորակ գրող, հենվելով իր «հասարակական» քաջագործությունների վրա` կարող էր ոչնչացնել իսկական խորհրդային գրողի, հողին հավասարացնել նրան, վարկաբեկել քաղաքականապես, այսինքն մի զենքով, որով չի կարող օգտվել նրանցից շատ ավելի ընդունակ, ոչ թե ահից դրդված, այլ խղճի մտոք հեղափոխական, խորհրդային գրողը միմիայն այն պատճառով, որ մուտք չունի բոլոր այն տեղերը, ուր այդ «քաղաքական» զենքի հերոսը կարող է նետվել յուրաքանչյուր վայրկյան, և, ի բացակայություն իր «քաղաքական» թշնամու, անել նրա հասցեին ամեն տեսակի հերյուրանքներ:

Ելնելով այս ամենից և գտնելով, որ նման մթնոլորտում ավելորդ է առհասարակ ինձ նման անպաշտպան գրողի համար հույս ունենալ խղճի մտոք մասնակցելու մեր գրական֊հասարակական կյանքին` մեր գրական կազմակերպության վերին օրգաններին ակտիվ կերպով անդամակցելու իմաստով, խնդրում եմ այս օրվանից ինձ ազատ արձակել ինչպես Խ. Գ, Մ. Կազմ. Կոմիտեի