Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/477

Այս էջը սրբագրված է

14 III, 1934

Մի տարի է մոտ, որ ես Գրական թանգարանից Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ1 Վահան Տերյանի ձեռագրերը` նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց: Բայց դեռ չեմ վերջացրել-և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ, գրասենյակիս դարակում, պահված են Տերյանի-հասկանո՞ւմ եք-իսկական նրա ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում-հանում եմ և` նայում... Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում... Այդ մետաքսյա թերթիկները-ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով... Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը- նուրբ ու մաքուր: Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա-հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել...

- «O, հեռու ընկեր իմ, Օ, Վահան Տերյան...»2...

Մեր երիտասարդ գրողներից ես ամենից շատ սիրում ու հավանում եմ Արմենին, թվում է, որ մեր նորագույն