Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/478

Այս էջը սրբագրված է

գրականության ամենաինքնուրույն և ամենալուրջ դեմքը նա է: Հիշում եմ նրա «մուտքը» Երևան3. 1926 թվին էր, նրան ինձ մոտ բերեց Գ. Մահարին: Նրա առաջին երկը, որ ես կարդացի— «Գազային երազ»-ն էր: Կարդացի — և զարմացա. — ոչ մի գրող իր առաջին քայլերից այդքան ինքնուրույն չի եղել, որքան Արմենը: Եվ... բնորոշ է մեր իրականության համար. նրան ոչ միայն այն ժամանակ չնկատեցին, իբրև արտառոց մի ուժ, մի երևույթ, — այլ մինչև հիմա էլ չեն նկատում...

17 III

Մեր տաղաչափական արվեստը Վահան Տերյանից հետո մտել է շեշտային տաղաչափության հունը և նրանից հետո դժվար է պատկերացնել մեր բանաստեղծությունը հանգային տաղաչափության տրադիցիաներում: Սակայն այդպիսի փորձեր մեզանում լինում են և, երբեմն, բավականին հաջող: Օրինակ` Գ. Սարյանը: Սա չի՞ նշանակում արդյոք, որ չնայած Մ. Աբեղյանի4 «գիտական» դոգմային, մեր տաղաչափությունն իր հիմքում այնուամենայնիվ վանկային է, իսկ շեշտային տաղաչափությունը մեր բանաստեղծական արվեստի մեջ—բերովի, արհեստական կուլտուրա է, որ իր հիմքում իսկ ինտելիգենտական է, այսինքն` մտացածին: Ոչ միայն «սովորական» հայ ընթերցողը, այլև նախա-տերյանյան ֆորմացիայի հայ ինտելիգենտը բանաստեղծությունըկարդում է իմաստի, ինտոնացիայի շեշտերով, և երբեք — տոնիքական տաղաչափությամբ: Միմիայն մեր սերնդի ինտելիգենտը, և այն էլ, եթե այս կամ այն կապակցությամբ առնչված է բանաստեղծական արվեստի հետ. կարող է կարդալ Տերյանի տոնիքական բանաստեղծությունն ըստ իսկական, այսինք<ն> պոետի սահմանած շեշտերի.