Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/484

Այս էջը սրբագրված է

Իսկ շա՞տ մարդ արդյոք հնարավորություն ունի կյանքում այդ անելու... Ես ևս, որ այսքան հրճվում եմ այս հնարավորությամբ, գիտեմ միևնույն ժամանակ, որ այդ «մաքուր հաճույքը» ինձ համար ևս մատչելի է շատ քիչ, ո՛չ հաճախակի, որովհետև, եթե ես հաճախ զբաղվեմ այդ «մաքուր հաճույքով» - շուտով թե՛ նյութապես, թե նոր տպավորություններ կուտակելու տեսակետից կլինեմ այնքան «մաքուր», որ ոչ ոք ինձ գրոշ անդամ չի տա ո՛չ միայն «մաքուր հաճույքով» զբաղվելու համար, այլև պարզապես ամենաանմաքուր կերպով ապրելու...

Ինչ ուզում են մեր «մարքսիստ» քննադատներն ասեն, գրողը «կուտակում» է իր «գանձը» ոչ թե գիտակցաբար, այլ միանգամայն «ենթագիտակցաբար»: Եվ ա՛յս է ահա ստեղծագործության գաղտնիքը...

«DE PR0FUNDIS»

13 IV, 1937 Երևան, իմ բնակարանում. անկողնում, ինչպես միշտ:

...Մի քանի շաբաթ առաջ, այն է` մարտի 1-ին, լրացավ իմ կյանքի քառսաուն տարին - քա-ռա-սուն տարին... Ես այդ օրը, ինչպես և հիմա, ինչպես վերջին երեք տարին անընդհատ - պառկած էի անկողնում, ննջասենյակում, դիմացս` զգեստի պահարանն է, որի դռան մեջ հագցրած է մի հսկա հիանալի հայելի։ Ամեն առավոտ արթնանալիս ես, աչքերս բանալով, իմ դեմքն եմ տեսնում այդ հայելու մեջ, - միշտ նույն, կարծես ավելի քան ծանոթ, հավիտյան նույն դեմքը, նույն կերպարանքը մի մարդու, որ ես եմ, - որ ինձ հետ է միշտ,