Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

որ տրված է ինձ միայն ընդմիշտ և հավիտյան,- քանի կամ, քանի ապրում եմ ես,-իմ երկրային անկրկնելի կերպարանքը... Կա՞ արդյոք ավելի քստմնելի, և, ըստ էության անիմաստ բան, քան սեփական հայացքի մեջ հառած սեփական հայացքը. - նայում ես ինքդ քո աչքերի խորքը-և որքան ճգնում ես մի բան հասկանալ, ներքուստ, հոգեպես զգալ, իբրև ճանաչում, - այնքան անհասկանալի ու անճանաչ է դառնում քո կերպարանքը քեզ,-ինչ-որ բան ես կարծես կամենում բռնել, ինչ-որ բան, որ խուսափում է անվերջ, որ որքան լարում ես միտքդ նրան մոտենալու համար-այնքան հեռանում է նա, աննյութանում, իմաստազրկվում, որպես դատարկ տարածություն, ինչպես հավիտենության կամ անսահմանության գաղափարը` երբ ուզում ես պատկերացնել դրանք քո ուղեղում: - Մյուս կողմից դա նման է միևնույն բառի կրկնությանը, երբ որքան շատ ես կրկնում միևնույն բառը` այնքան այն դառնում է անիմաստ ու բովանդազուրկ,-իսկ եթե համառես կրկնել ավելի, քան հարկավոր է-կարող ես պարզապես խելագարվել։ - Այդ իսկ պատճառով ես խուսափում եմ հայելու մեջ քիչ թե շատ անընդհատ իմ հայացքի մեջ նայելուց:- Ավելին. ո՛չ միայն խուսափում եմ, այլև վախենում, ինչպես մարդ կարող է վախենալ որևէ հետապբնդող մտքից, կամ կասկածանքից:- Եվ իրոք:- Չկա ավելի անմիտ և անպտուղ զբաղմունք, քան այդ ֆիկտիվ ինքնազննումը հայելու միջոցով: - Սակայն այս ակտը, իբրև իմացական, հոգևոր ակտ` երբեք չպետք է շփոթել այն գործոգության հետ, որով սիրում են սովորաբար զբաղվել կանայք ոչ միայն ժամերով, այլև օրեր անընդհատ, եթե միայն այդ հնարավոր լիներ ֆիզիկապես:- Տարբերությունն այն է, որ կինը հայելու մեջ ամենից քիչ իր ներսն է ձգտում տեսնել: Օ, ոչ. - այդ