Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է

մասին նա բնազդաբար չի էլ մտածում: Կինը հայելու մեջ ժամերով ընդունակ է զննել իր դեմքի մի չնշին կետը,- կոնկրետ, առարկայական առումով և նպատակով,- հոնքերի մի ծայրը, կամ բերանի անկյունը` մտահոգված դրանց մարմնական, արտաքին, ավելի ճիշտ կլինի ասել ձևային կացությամբ: - Իսկ եթե երբեմն նա պատահմամբ հանդիպում է իր հայացքին, - այսինքն, զբաղված իր դեմքի արտաքին բարեմասնություններով` հանկարծ գիտակցում է, որ նայում է իր աչքերի խորքը, այսինքն մի ակնթարթ գիտակցությունը սևեռվում է ինքնաճանաչման վրա, - նա անմիջապես, կանացի զարմանալի երկրային բնազդով, այդ ինքնաճանաչման ակտն անմիջապես վերափոխում է կենսական, ռեալ, ոչ մետաֆիզիկ, այլ կոնկրետ-կենսական, բիոլոգիական ինքնաճանաչման ակտի, - սկսում է ժպտալ ինքն իրեն, կամ խոժոոել հայացքը, անգամ խոսել ինքն իր հետ, ինչպես ուրիշի հետ (այսինքն օբյեկտի) - և այս ամենի խորքում, իբրև գործնական նպատակ նույն կենսական ինտերեսն է կրկին հետապնդում նրա գիտակցությունը: Փոփոխելով անընդհատ իր հայացքի, ուրեմն նաև ամբողջ դեմքի, արտահայտությունը` նրա գիտակցությունն, իբրև ներքին արթմնի և աննինջ պահակ, միշտ նույն կենսական, իգական, բիոլոգիական խորհուրդն է հետապնդում,- թե իր հայացքի ո՞ր արտահայտությունն է ամենից ավելի գեղեցկացնում, հաճելի, հմայիչ, գրավիչ դարձնում իր կերպարանքը: - Եվ ահա այս և միմիայն այս կենսական, ավելի շուտ գործնական, առարկայական մոտեցումն է իր կերպարանքին, որ հնարավորություն է տալիս կնոջը ժամերով դիտել իր դեմքը հայելու մեջ և ոչ միայն չխելագարվել, այլ, ընդհակառակը, այդ ժամերի ընթացքում թերևս զգալ իրենվ հոգեպես ավելի զգաստ, քան որևէ այլ զբաղմունքի ժամանակ: