Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

ես ճյուղքի ետևից - և նա ևս սկսում է յուրաքանչյուր քայլափոխիդ տալ նորանոր ոստեր ու ոստիկներ. ընկնում ես սրանց ետևից ևս, այն հույսով, որ ահա-ահա կավարտես ոստիկների շարադրում<ը>, ապա ոստերի, ապա առաջին ճյուղքի-այսինքն կվերադառնա<ս> հիմնական «բնին», որպեսզի շարունակես զարգացնել այն, իբրև հիմնականն ու էականը, - սակայն մինչ այդ-հանկարծ ետ ես նայում անցած ճանապարհիդ և սարսափած նկատում, թե որքան ես շեղվել քան նյութից, - որ եթե կամենաս այսպես — ընկնելով ոչ միայն ամեն մի ճյուղքի, այլև ամեն մի ոստի ու ոստիկի ետևից - շարունակել գործդ-ապա ոչ միայն չես ավարտի այն երբեք, այլև կմոլորվես հենց առաջին «ճյուղքի» ոստերում ու ոստիկներում-կորցնելով հույս անգամ վերադարձի դեպի հիմնական «բունը» - դեպի «բուն» նյութը երկիդ, - դեպի հիմնական գաղափարդ:

Այժմ էլ ահա - նույնը: - Ընկել եմ «ոստիկի» ետևից, այնինչ վաղուց ժամանակն է վերադառնալ դեպի բուն նյութը: -

Մինչ այդ սակայն գոնե մի անգամ թերևս ավելորդ չի լինի նկարել տվյալ օրինակը սխեմայի ձևով` պարզ գաղափար տալու համար, թե ի՞նչ ենք մենք հասկանում, կամ ի՞նչ ի նկատի ունենք՝ ասելով նյութի մշակման «ճյուղավոր» կամ «ոստնային» սիստեմ։ —

Ահավասիկ այդ չարաբաստիկ «սիստեմը», որ, ինչպես կտեսնենք, ոչ թե սիստեմ է, այլ կատարյալ անսիստեմություն - տարրերի, բնական, վայրի մացառուտ—աճման անկոնտրոլ (ոչ ներքին իմաստով) ընթացք.-

Ահավասիկ այս շարադրության իդեական զարգացման սխեման։ -