Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/527

Այս էջը սրբագրված է

իր ազատագրական ճամփաներն սկսեց փնտրել Եվրոպայից Ռուսաստան փոխանցված մոդերնիստական ուղղությունների մեջ։ Ռոմանտիզմը և ռեալիզմը տեղի տվին սիմվոլիզմին, որի ամենամեծ ներկայացուցիչը Ռուսաստանում հանդիսացավ Ֆ. Սոլոգուբը։ Վ. Տերյանի ինքնապարփակ և երազուն հոգին ամենայն հարազատությամբ յուրացրել և վարպետորեն արտահայտել է ռուսական այդ սիմվոլիզմը իր ոտանավորների մեջ, դառնալով այդպիսով հայ բանաստեղծության սիմվոլիստական շկոլայի ամենացայտուն և տիպիկ ներկայացուցիչը։ Եվ իբրև այդպիսին, իբրև իր ժամանակի մանրբուրժուական, քաղքենիական տրամադրությունների հարազատ արտահայտիչ, Վ. Տերյանը մեծ դեր է կատարել մեր գրական իրականության մեջ։ Ի՞նչպես է արտահայտվել սիմվոլիզմը նրա բանաստեղծությունների մեջ։

Սիմվոլիզմը, որ ամբողջովին բուրժուական անհատապաշտության բովանդակությունն ու ձևն է կրում իր մեջ, առաջադրում է անհատի ազատագրման համար մի քանի ուղիներ, ա. սեր, բ. միախառնումն բնության հետ, գ. «ստեղծվող առասպելներ», դ. հայրենիք և ե. մահ:

Վ. Տերյանի սերը կրում է ժամանակակից բուրժուական քաղաքի ծնունդ ինտելիգենցիայի աննորմալ սիրո սաղմերը, նրա սիրո առարկան սկզբում հանդիսանում է «անուրջ կույսը ճերմակ շորերով»5, որը, որպես «հրաշք աղջիկ», շղթայել է նրա սիրտը։ Սակայն երբ հոգնած բանաստեղծը հասնում է այդ «հրաշք աղջկան», վերջինս իրական կյանքի մեջ հանդես է գալիս որպես «երկդեմ մեդուզա»6, որի «արնոտ գրկում» որոնող բանաստեղծը գտնում է ոչ թե հանգստություն և քնքշություն, այլ «տանջանք ու թախիծ»։

Նրա «Հրաշք աղջիկը»-ը «ցնորքների դիցուհի»7 է, «հեզ», «քնքուշ», «երկրի մանուշակ», «գունատ», «անուրջ