Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

գրականությունը: Նա մատնանշում է, որ այդ գրականությունը ընդամենը մի քանի տարվա` 4-5 տարվա, պատմություն ունի, եթե նկատի ունենանք, որ Խորհըրդային Հայաստանի գոյության 7 տարվա առաջին տարիներում, երբ նոր-նոր բուժվում էին իմպերիալիստական և քաղաքացիական պատերազմներից երկրին հասած վերքերը, չէր կարող անմիջապես ծաղկել հայ պրոլետարական և խորհրդային գրականությունը։ Իսկ այս վերջին տարիների ընթացքում, այս կարճ ժամանակաշրջանում ստեղծված հայ պրոլետարական գրականությունը իր սոցիալական բովանդակության և գեղարվեստական տեսակարար կշռով կարող է համեմատվել և բարձր դասվել մինչհոկտեմբերյան ամենափառավոր ժամանակաշրջանի հայ գրականությունից։ Սա «կազյոննի» լավատեսություն չէ, այլ միանգամայն ճիշտ ու անհերքելի փաստ։

Այն գրականությունը, որ այսօր է աճում մեր երկրում, ունի իր առողջ ու կենսունակ սոցիալական բազան, ունի և վառ հեռանկարներ։ Այսօր մենք դեռ չունենք մեր վոլտերները, շեքսպիրները, բայց այսօրվա գրականության սոցիալական բազան անպայման տալու է իր շեքսպիրներին և վոլտերներին։ Դրանում կասկած չկա։ Դրա լավագույն գրավականն այն է, որ այժմ մեր երկրում համառորեն աշխատանք է տարվում նոր կուլտուրական կադրեր և նոր կուլտուրա ստեղծելու համար։ Եվ արդեն ստեղծվում են այդ կադրերը։ Մեր անելիքն է վստահ ու եռանդուն թափով լծվել այդ մեծ տեղծագործական աշխատանքին։

Վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, արտահայտվեցին մոտ 12 հոգի, որոնց մեծագույն մասը հաստատեց Չարենցի հիմնական մտքերը։