Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/548

Այս էջը սրբագրված է

Նա շեշտեց, որ լեզվի խնդիրն ամենից առաջ ոճի խնդիր է, և չի կարելի այն քննել առանց նկատի առնելու տվյալ երկի ոճը, նրա ուղղությունը: Որևէ երկի լեզուն քննելիս, ամենից առաջ պետք է նկատի ունենալ, թե ի՞նչպիսի հեղինակի և ի՞նչպիսի երկի հետ գործ ունենք։ Այդ հանգամանքը կարող է շատ «անհասկանալի» բաներ հասկանալի դարձնել, որևէ այլ երկի համար անընդունելի հատկություններ` տվյալ երկում կարող են միանգամայն ընդունելի լինել: Ալաղանի լեզվի թերություններր բխում են այն հիմնական պատճառից, որ վեպը ոճի տեսակետից ամբողջական չէ:

<ԵԼՈԻՅԹ ՊՈԵԶԻԱՅԻ ԼԵԶՎԻ ՇՈՒՐՋԸ ԴԻՍՊՈԻՏՈԻՄ>

Ընկ. Ե. Չարենցն ունեցավ ընդարձակ ելույթ: Նա` խոսելով «ածականների տեսության»1 մասին` շեշտեց, որ այդ փոխ է առնված վաղ շրջանի կոնստրուկտիվիստներից, մի տեսություն, որ հիմնովին ջախջախված է մարքսիստական քննադատության կողմից։ Ածականներից ուղղակիորեն սոցիոլոգիական եզրակացություններ հանելու ծայրահեղ ֆորմալիստական դրույթը ոչ մի կապ չունի մարքսիսաական գրականության հետ: Այնուհետև խոսելով մեր գրական լեզվի զարգացման տենդենցների մասին, ընկ. Չարենցը շեշտեց, որ մեր գրականության հիմնական կադրերի խոշորագույն մասը կանգնած է ճիշտ ճանապարհի վրա` չնայած եղած թերություններին ու սայթաքումներին։ Գրական լեզուն գռեհկացնելու այն պահանջը, որ առաջացրեց զեկուցողն ու պաշտպանեց ընկ. Զարյանը, սխալ ու վտանգավոր պահանջ է։ Ածականների խնդիրն ընկ. Չարենցը կապեց գրական ժանրի հետ։