Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/555

Այս էջը սրբագրված է

«ՍՏԱՆԴԱՐՏԻ» ԿՈՒՐՍԸ

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ «ՍՏԱՆԴԱՐՏԸ»

Հայաստանի խորհրդայնացումից հետո մեզանում լույս տեսած այսպես կոչված «գրական-գեղարվեստական» պարբերականները եղել են. 1. Վինեգրետային.—«Նորք», «Պայքար», «Վերելք». 2. Պրոլետնեյնիմիստական. — «Մուրճ», «Դարբնոց»։

Առաջին տեսակի պարբերականը մեզ բավարարել չէր կարող հենց այն պարզ պատճառով, որ նրանում բացակայում է ամեն մի կոմօրգանի նախապայմանը` դասակարգային միատարր բովանդակությունը, պրոլետարական անխառն իդեոլոգիան։

Երկրորդ տեսակի պարբերականը մեզ համար անընդունելի է ամենից առաջ իր ընդհանուր ուղղությամբ, որ մենք որակել ենք որպես «պրոլետնեյնիմիստական»: Մենք գտնում ենք, որ վաղուց արդեն անցել է կոմռոմանաիզմի շրջանը և ժամանակ է, որ պրոլետգրականությունը ևս, ելնելով մեր տնտեսա-քաղաքտկան այսօրվա անելիքների ընդհանուր կուրսից` թողնի իր ռոմանտիկ նեյնիմները և զբաղվի կոնկրետ խնդիրներով, առօրյա շինարարությամբ` իհարկե պերսպեկտիվ ունենալով մեր վերջնական նպատակակետը` կոմունիզմը։

Անցնելով պատկերող արվեստներին` հարկավոր է ասել, որ դրանց նվիրված պարբերական մենք պարզապես չենք ունեցել, եթե հաշվի չառնենք Գարեգին Լևոնյանի «ապադասակարգային» «Գեղարվեստը»։ Պատկերող արվեստների և թատրոնի մասին մեր վերոհիշյալ պարբերականներում խոսվել է ի միջի այլոց, չափազանց կցկտուր կերպով, իսկ կինոն ու լուսանկարը մեզանում մինչև օրս էլ պատիվ չեն ունեցել «գեղ»արվեստների շարքը դասվելու։