Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/58

Այս էջը հաստատված է

այդպես էլ եղավ։ Եվ այդ պատահեց 10-ական թվականների սկզբին, երբ հանդես եկավ այսօր բացարձակորեն իշխող գրական այն ուղղությունը, որ կոչվում է ռուսական ֆուտուրիզմ։ Բայց նախքան վերջինիս անցնելը— հարկավոր է բնորոշել սիմվոլիզմի արժեքը՝ զուտ դրական տեսակետից, ցույց տալ գրական-կուլտուրական այն նվաճումները, որ արին սիմվոլիստները իրենց գոյության ընթացքում և այն գրական սպեցիֆիկ երանգը, որ մտցրին նրանք ռուս պոեզիայի մթերանոցը:

Լինելով, ինչպես ասացի, իր խխունջի մեջ քաշված բուրժուական ինտելիգենտի բանաստեղծությունը, սիմվոլիզմը, ամենից առաջ, իհարկե, մշակեց համապատասխան ջերմոցային լեզու երաժշտական, անարյուն ու նվագուն, ինչպես Տերյանի լեզուն: Այդ լեզուն իր զարմանալի նրբությամբ գերազանցեց բոլոր նախկին պոետների լեզվին,—այդ լեզվի մասին է, որ գրել է Բայլմոնտը իր զարմանալի նվագուն տողերը։—

Я—изысканность Русской медлительной речи,
Предо мною все другие поэты—предтечи42

Եվ սա ոչ թե ինքնագովաբանություն է, այլ պարզ ճշմարտություն: Մինչև սիմվոլիստները—ինչպես ամբողջ ռուս գրականության, այնպես էլ մասնավորապես պոեզիայի ասպարեզում, իշխողը կիսագյուղացի ինտելիգենտն էր, և պարզ է, որ այդ ինտելիգենտի լեզուն չէր կարող այնքան նուրբ ու նվագային լինել, ինչքան քաղաքի սալոններում մեծացած բուրժուական ինտելիգենտինը: Այդպես էլ գրական ձևերի խնդրում: Սիմվոլիստները մշակեցին գրական գերազանցորեն ջերմոցային ձևեր (սոնետ, տրիոլետ, մադրիգալ, ռոնդո և այլն), կյանք մտցրին և նույնպիսի ջերմոցային ռիթմեր ու հանգավորումներ։ Նույնը և ձևական մյուս