Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/583

Այս էջը սրբագրված է

Ե. Չարենց ստորագրությամբ տպվել է 1923 թ. փետրվարի 23-ին` Պք № 3, էջ 43-45։ Տպագրվում է Պք-ից։

1. «Ռոմանս անսեր»-ը - Լույս է տեսել 1922 թ. Մոսկվայում։

Հաջորդ տողերի «ողորմի» և «բանաձև» հիշատակությամբ ակնարկում է 1923 թ. հունվարի 24-ի ԽՀ № 15-ում Տեղեկատու ստորագրությամբ տպված հաղորդումը. «Ամսույս (հունվարի - կազմ.) 22-ին, Հայաստանի պրոլետարական գրողների միությունը իր 6-րդ նիստին կարդաց բանաստեղծ ընկ. Չարենց ի վերջերս Մոսկվայում լույս տեսած «Ռոմանս անսեր»-ը և ենթարկեց քննադատության: Ընկ. Վշտունու` «Ռոմանս անսեր»-ի ընթերցումից հետո տեղի ունեցան մտքերի փոխանակություններ, որի ժամանակ երիտասարդ պրոլետարական գրողները հետաքրքրական և տեղին նկատողություններով վերլուծեցին, ցույց տալով այդ գրվածքի հակահեղափոխական և գերազանցորեն բուրժուական ոգին, ուր կինն այնքան ստորացած է հանդես գալիս և լոկ կրքերի հաճույքի առարկա, որ նա կորցնում է որևէ այլ մարդկային արժանիք, իսկ այդ ամենն այնքան վուլգար, գռեհիկ արտահայտությունների և ձևերի մեջ, որ ընթերցողի մեջ առաջ է բերում միմիայն տհաճություն և ցավ, որ Չարենցը իր շնորհալի գրիչը բանեցրել է գրական այնքան անարժեք ստեղծագործության համար։

Հավաքույթը միանգամայն ժխտում է այս գրվածքի արժեքը և համարում պրոլետարիատի համար միանգամայն խորթ և վնասակար մի գործ։

Կազմվում և միաձայն ընդունվում է այդ առթիվ բանաձև»։

2. Կենտրոնական թերթի էջերում - «Խորհրդային Հայաստան»-ի. 1923 թ. օրաթերթի խմրագիր էր Ե. Չուբարը։

3. Գրել է ընկ. Չուբարը «Խ. Հ.»-ի էջերում - նկատի ունի ԽՀ 1922 թ. սեպտեմբերի 24-ի № 216-ում տպված Ե. Չուբարի «Ախտավորների» «անախտ» քննադատները» հոդվածը, որտեղ, քննադատելով Պ. Մակինցյանի գրական ֆելիետոնն ու Երեքի դեկլարացիայի դեմ «նոր աշխարհ» ամսագրի (Թիֆլիս) № 1-ում զետեղված հոդվածները, Չուբարը պաշտպանում էր դեկլարացիան. «Իրենց ախտահանելով, երեքը ախտահանում են արդի հայ պոեզիան»։

4. «Փոթորիկն» անցավ - Ակնարկում է Երեքի դեկլարացիայի շուրջը ծավալված բանակռիվը (դեկլարացիան տե՛ս սույն հատորի հավելվածում)։