Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/60

Այս էջը հաստատված է

դրական տրամադրությունն է և ոչ թե արտաքին իրը,—մանավանդ որ այդ վերջինը կարող էր հանկարծ հիշեցնել նրանց այնպիսի բաներ, ինչպիսիք են ամբոխն ու հեղափոխությունը։ Գրական գերազանցորեն ջերմոցային պրիոմներ ու ձևեր բերեցին իրենց հետ ռուս սիմվոլիստները—և որովհետև այդ ձևերն ու պրիոմները միանգամայն բխում էին նրանց հասարակական հարազատ շրջապատի հոգեբանությունից—գրական այդ նվաճումները շատ շուտով դարձան սիրելի ու ընդունելի։ Եվ որովհետև գրական այդ նվաճումները ավելի բարձր էին և նուրբ, քան նախկին ձևերն ու նվաճումները—սիմվոլիստները դարձան գրական տեսակետից միանգամայն հանդուրժելի մեծություններ և իրենց ստեղծագործական լուման մտցրին ռուսական պոեզիայի հսկա շտեմարանոցը։

Սիմվոլիզմը ներկայումս գրական միանգամայն մեռած մի ուղղություն է և նրա գոյությունը այսօր զգացվում է այն չափով միայն, ինչ չափով որ դեռևս շարունակում են իրենց ժանգոտած քնարները հնչեցնել գրական այդ տեսակի մի շարք վետերանները և դրանց մի քանի ավելի քան ուշացած էպիգոնները: Դրանք, անցյալի այդ տխուր ուրվականները—ինչպես Բայլմոնտը, Բելին46, Սոլոգուբը և այլն, մինչև օրս էլ, իհարկե, շարունակում են, երեխայության գիրկն ընկած ծերունիների նման, մրմռալ իրենց երբեմնի գեղեցիկ երգերի հազարերորդ պատճենները—և հարկավոր է ասել, որ գերեզմանային սառնություն, կամ, ավելի լավ է ասել ծերունու նեխած բերանի անհաճո հոտ է փչում դրանց այդ ուշացած երգերից։ Նրանք դեռ շարունակում են իրար ետևից լույս ընծայել47 բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք տպված են լինում միշտ մաքուր թղթի վրա և գեղեցիկ տառերով, — բայց