Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/62

Այս էջը հաստատված է

Ո՞ւմ է սա հետաքրքիր, բացի Ռուսաստանի սահմաններում դեռևս մնացած նախկին բուրժուազիայի խղճուկ բեկորներից, որոնք դեռ երեկ տնային իրեր էին ծախում, հնաձև զգեստներ ու գլխարկներ Սուխարեկայի շուկայում52: Դրանք մինչև օրս էլ, իհարկե, կարդում են իրենց պոետներին և հիշում են երևի այն օրերը, երբ այդ պոետների երգը առաջին անգամ հնչեց իրենց երիտասարդ սրտերին այնքան հարազատ և այնքան մեղմաձայն։ Նրանք երևի սիմվոլիստներին կարդալով միշտ նույն զգացմունքներն են ունենում, ինչ զգացմունքներ որ ունենում են պառաված կանայք հին կամոդի դարակներում իրենց մեռած սիրեկանների երբեմնի նվիրաբերած հիշատակները գտնելով—մի պուդրայի կարդոնե աման, մի դեղնած ֆլակոն, կամ մի հնամաշ ռեդիկյուլ…

Սիմվոլիստների այս ուշացած ասպետները անհարազատ են անգամ նէպմաններին, որոնք ունեն իրենց իսկական պոետները, որպիսիք են իմաժինիստներից երկուսը—Մարիենգոֆն ու Շերշենևիչը։

Ես ավելորդ եմ համարում կանգ առնել սիմվոլիստներից մի երկուսի փորձի վրա՝ լարել իրենց քնարը հեղափոխության հանգի։ Այս ուղղությամբ եղած փորձերից ամենանշանավորներն են Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը53 և Անդրեյ Բելու «Քրիստոս հարյավ»-ը54—պոեմներ, որոնց կղերական վերնագրերն ինքնին բնորոշում են դրանց հեղինակներին։ Այս չակերտավոր հեղափոխական պոեմների տխրահռչակ իդեոլոգ Իվանով-Ռազումնիկը55 դեռ մինչև օրս էլ Բեռլինում նստած իր էսեռական մռթմռթոցով զվարճացնում է նույն քաղաքում հավաքված, նույն՝ և ավելի մութ գույնի էմիգրանտներին։ Նրա կարծիքով, գիտե՞ք, սոցիալիզմը և քրիստոնեությունը համազոր խորությամբ իրար լրացնող