Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/74

Այս էջը սրբագրված է

Սերունդնե՛ր են կրթվել մեր մեծ պոետի գործերով— և այդ գործերից շատ-շատերը այսօր և վաղը կրթելու են նորանոր սերունդներ։ Որովհետև Հով. Թումանյանն է հնչեցրել ընչազուրկ աշխատավորության, չքավոր գյուղացու առաջին երգը — «Արի գութանը». չքավոր գյուղացու, աշխատավորի սրտից է խմել մեր մեծ պոետը իր դառն ու տխուր երգերը։

Հնի, նահապետական անցյալի մութ ու մռայլ իրականության պատկերողն էր Հով. Թումանյանը, այն իրականության, որ արդեն սահել է հավիտենության գիրկը: Եվ որքան մութն ու աղետաբեր էր այդ աշխարհը աշխատավորի համար—այնքան էլ տխուր ու վշտալի էին մեր մեծ պոետի երկերը։

Աշխատավորության դասի գոյության թարգմանը լինելով հանդերձ՝ Հով. Թումանյանը իր գեղարվեստական բարձրարժեք երկերում հասցրել է մեր լեզուն անտեսանելի ճկունության, հաղորդել է նրան առնություն և ուժ, միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին։ Մեր մեծ պոետի մահով մեռնում է վերջին մոհիկանը մեր ժողովրդական առույգ ու հյութալի բարբառի — և մեր գալիք գրականությունը շատ բան ունի վերցնելու Հով. Թումանյանի գանձարանից։

Հանգիստ վաստակած աճյունիդ, աշխատավորի վշտի երգիչ և մայրենի լեզվի մեծագույն վարպետ։ Հայաստանի աշխատավորությունը վառ կպահե քո պայծառ հիշատակը իր սրտում և շնորհակալություն կհայտնե քո ապրած դժվար աշխարհից իրեն ուղղած իմաստուն պատգամի համար.

Ապրե՛ք, երեխեք,
Բայց մեզ պես չապրեք1: