Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

Սա էլ է սխալ։ «Միայն կինը» նկատվեց ամենից առաջ հենց իր ֆորմայով: Եվ սա շատ լավ գիտե հենց ինքը՝ Աբովը։ Իզուր է քար նետում — ո՞ւմ։ Եվ իզուր է նա կարծում, որ այդ գրքույկը «պրոպելլերի զիգզագ» բերեց հայ բանաստեղծությանը։ Շատ իզուր։ Որովհետև.

— ըստ բովանդակության «Միայն կինը» ոչ այլ ինչ էր, եթե ոչ սիրային լիրիկա՝ ճիշտ է, տենդենց ունենալով քնարերգել կենդանի կինը, և ոչ թե «երազների դիցուհին» — ելման աղբյուր ունենալով Իգոր Սևերյանի պոեզիան7, —

— և ըստ ձևի — «Միայն կինը» ոչ այլ ինչ էր, եթե ոչ նույն Իգոր Սևերյանինի գրական պրիոմների հայացման հաջող փորձ — և ոչինչ ավելի։ Մի գործ, որ ընդունելի և գնահատելի էր որպես խոստում, որ ապագայում հեղինակը կզտվի ու կխորանա՝ կկանգնի անօրինակ և ինքնուրույն։ Բայց այդ չպատահեց։ Ապացույց — «Դանակը բկին»֊ը, որ լույս է տեսնում աոաջին գրքույկից չորս տարի հետո: Իհարկե, իզուր չեն անցել այդ փոթորկալից տարիները հեղինակի համար, այդ տարիների ընթացքում Աբովի հոգեբանության և գրելաձևի մեջ առաջ է եկել որոշ թեքումն Սևերյանինից դեպի Մայակովսկին, որի անմիջական ազդեցության հետևանք է այս գրքույկը — «Դանակը բկին»-ը8։

Գրքույկի ընդհանուր տենդենցը մենք պատմեցինք, — հիմա տեսնենք, թե ինչպե՞ս է արտահայտվել, գեղարվեստական ինչպիսի՞ կերպավորում է գտել ապ տենդենցը Աբովի գրքույկում։

Բնախոսության մեջ կա մի անխախտ օրենք, որ՝ ամեն մի օրգանիզմ, ընկնելով նոր միջավայր, ընդունում է այդ միջավայրի երանգը (միմիկրիա)։ Աբովի