Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

Ընդհակառակը՝ հենց այդ բառերն են, որ ամենից առաջ հավասարեցնում են գործածողի լեզուն՝ «քուչի» մակարդակին: Իսկ սա, Տերյանից և նրա «հաջորդներից» հետո — ցած մակարդակ է, մնացածը դեռ մի կողմ։

Աբովը պարծենում է, որ մտցրել է մեր պոեզիայի բնագավառը «հայ և օտար խոսակցական բառեր». Շնորհավորում ենք՝ շատ է ուշացել.—

«Բլեդնի դեմքդ, շինծու խոսքդ ո՞վին ասես չեն խաբի»10

այսպես «հայ և օտար խոսակցական բառերով»11 էր գրում դեռ… Գամառ-Քաթիպան՝ ինքը Ռափայել Պատկանյանը:

Հեշտ է, իհարկե, վերցնել Մայակովսկուց մի փոքրիկ թեմա,—

Вещи оживут,
Губы тещины з
асюсюкают: цаца, цаца, цаца!..12


— և «բանալ» այդ շաքարիկը… մի «վեդրո» ջրում. բայց ի՞նչ կստացվի։ Ոչ անգամ լիմոնադ, այլ դատարկ ջուր:

Ֆորմալ նվաճումների տեսակետից անգամ թույլ է այս գրքույկը, ավելի թույլ, քան «Միայն կինը», որովհետև — «Միայն կինը» ուներ հոգեկենցաղային բազա. «Դանակը բկին»-ը չունի։ «Ճը»֊եր, «գը»-եր, «կը»-եր շարելը դեռ ֆորմալ նվաճում չէ13: Դրանք այն ժամանակ միայն իմաստ կունենային, եթե բխեին բովանդակությունից (ինչպես Մայակովսկու մոտ)։

Громоздите за звуком звук вы
и вперед,
поя и свища.