Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է
«ԵՐԿՈԻ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ»
Դեռ. որքա՜ն պիտի տանջվես անփարատ
Երկու աշխարհի սանմանագծում1...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը։

. . . . . . . .

Նրա օրերին ու վաստակներին նվիրված հոդված չէ, որ ցանկություն ունեցա գրել նրա մահվան լուրն առնելով։ Ինչ որ կարելի էր ասել նրա երկերի գեղարվեստական բարձր արժանիքների մասին — ասվել է վաղուց. վաղուց ցույց է տրված նրա երկերի հասարակական արժեքը և սոցիալական բովանդակությունը2 ևս։ Քիչ նոր բան է մնում ասելու նրա մասին գալիք քննադատին անգամ և այդ «նոր բանը», եթե ասվի էլ — հետևանք պիտի լինի «թումանյանիստների» երկար ու համառ պտրությանց։ Նրա հիշատակին նվիրված թերթի այսօրվա համարում3 ևս կուզեի գրի առած լինել մեր պոեզիայի անցյալին նվիրված մի քանի հուշեր ու խորհրդածություններ, որ արթնացան իմ հոգում, երբ պատկերացրի, որ Թումանյանը չկա։ Ասելով «անցյալ», մենք այսօր պատկերացնում ենք այն ամենը, ինչ որ գտնվում է 917-ի Հոկտեմբերից այն կողմը։ Պրոլետարական հեղափոխության հատու սուրը մի կարմիր խազ քաշեց օրերում ու ժամանակներում այն ահեղ թվականին—և այն ամենը, ինչ որ մնաց այդ գծի այն կողմը— գծի այս կողմը կանգնածների համար հնամենի անցյալ դարձավ՝ հեռու ու անհաղորդ, մռայլ տարիների տեսիլ՝ դարերի զառանցանք։ Եվ ապա, հինգ փոթորկոտ ու տակնուվրա անող տարիների ընթացքում խորացավ ու անանցանելի վեհ դարձավ այդ գիծը—և եղան