Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

մարդիկ, որոնք մնացին երկու աշխարհները իրարից բաժանող այդ վիհացած սահմանագծում։

«Երկու աշխարհի սահմանագծում» մնացածներից ամենամեծը և ամենաողբերգականը—Վահան Տերյանն էր, հնի, մինչ-հոկտեմբերյան մեր պոեզիայի «վերջին պոետը»4 ,—նա, որ մի ոտքով կանգնած էր հնում, իսկ մյուս ոտքը պարզել էր դեպի նորը. պարրզել էր, ուզում էր «սահմանագիծն» անցնի, բայց չանցավ՝ առկախ մնաց «սահմանագծային» վիհում, որպես «իր խաչին խաչված Հիսուս»:

Հնից, տարիների մութից, մեր պոեզիայի աղքատիկ էջերով ձգվել էր դեպի նորը եռօղակ մի շղթա. տարիների մուժից — մինչև Հոկտեմբերը։ Շղթայի այս ծայրում, ամենամոտը մեզ ու ամենասիրելին — Տերյանն էր, — այն ծայրում, մեր այսպես կոչված «նորագույն պոեզիայի» ելման կետում—Հով. Թումանյանը։

Մեջտեղում Ավետիք Իսահակյանն էր, երկուսին էլ հարազատ ու «դրկից» — աջից ու ձախից։

Առաջինը ամենակրտսերը գնաց, Տերյանը. նա, որ մոտ էր մեզ ու հարազատ ավելի, քան մնացած երկուսը. նրա մահով կտրվեց ու ընկավ երեկվա մեր բանաստեղծության այն փուլը, որի մի կողմը շղթայվել էր ձգտում մեզ և կենդանի պահել առնչությունը — հնին, Իսահակյանին ու Թումանյանին։

Այսօր գնում է հավիտենական հանգստի ամենամեծը նրանցից, ամենավաստակյալը, հայ նորագույն բանաստեղծության նահապետն ու մեծ վարպետը — Հով. Թումանյանը։ Մնում է Իսահակյանը միայն, աջից ու ձախից որբացած. հնի միակ կենդանի ուրվականը այժմ, որ Բեռլինում նստած6 երազում է այսօր էլ հայրենի աղբյուրը, Ալագյազի փերիները և հավերժական սերը — չգիտե, չի զգում կարծես, որ չկա, որ ցնդել է