Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/82

Այս էջը հաստատված է

արդեն այդ աշխարհը,— դարձել է մշուշ ու հիշատակ... .Չգիտեն, կամ չեն ուզում հասկանալ այդ նրանց համար գուցե դառը ճշմարտությունը և շատ-շատերը այսօր, բայց նրանց չի լսում ու չի նայում նրանց «տրամադրությանը» թևաշաչ թռչող ժամանակը — ժամանակը խիստ ու անողոք։ Իհարկե, մոտ ու սիրելի են մեզ նրանք, մեր երեկվա պոեզիայի այդ երեք ամենապայծառ աստղերը, բայց, կարծում ենք, անտեղի և ավելորդ չէր լինի, եթե մենք այսօր հետադարձ մի հայացք գցեինք այդ երեքի վրա՝ պարզ պատկերելու համար, թե ի՞նչ է հեռանում մեզանից Հով. Թումանյանի մահով, ո՞ր աշխարհի ձայնն է լռել Վահան Տերյանի քնարի հետ մեկտեղ և ի՞նչ է մրմնջում Ավետիք Իսահակյանը մինչև օրս։

Ավելորդ չէր լինի մանավանդ նրա համար, որ դա մի անգամ ևս ցույց կտար մեզ, թե ինչքա՜ն է փոխվել կյանքը այսօր, ինչքա՜ն ենք մենք հեռացել նրանցից և ինչքա՜ն դժվար է այսօր մեզ, նրանցից հետո եղածներիս, «շարունակել» նրանց գործը, ինչպես մեզ շատ-շատերը «խորհուրդ են տալիս» միամտաբար։ Եվ այս հետադարձ հայացքը գուցե ցույց տար շատերին, հասկանալի դարձներ, թե ինչո՞ւ է այսօր մեր հայացքը, նորերիս հայացքը դեգերում ուրիշ գրականությանց հորիզոններում՝ որտեղ, գերազանցորեն ռուս գրականության ափերում, փնտրելով մեր վաղվա պոեզիայի համար ուղիներ ու շավիղներ...

***

Պարզ, անպճույճ խոսքերով մենք այստեղ կաշխատենք պատմել, մի վայրկյան սուզվել նրանց բախտի ու ստեղծագործության խորերը, և թող ներվեն ինձ,