Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/84

Այս էջը հաստատված է

կախարդական մի հայելում, կամ հեքիաթային աղբյուրի ջրերում—պատկերներ ու տեսիլներ—հնից, անցածից: Ելնում էր Գառնիկ ախպերը, ուլ էր դառնում, որ ապա հաղթելով ոսոխին ու չարին՝ գտնի իր երազյալ բախտը՝ շքեղ ու արքայական։ Նույն արքայավայել բախտին արժանանալու համար պոետի սրտից, պոետի գաղտնապահ սենյակի խորհրդավոր կիսախավարից դեպի աշխարհի շորս կողմն էին թռչում, անշեջ հուրը գտնելու համար, կտրիճները Փարվանա. ու Թմուկ բերդի դարպասները բանալով՝ Նադիր Շահին հայրենի դղյակն էր թողնում դղյակի սևաչյա տիրուհին... Ծեր, զառամյալ կեսրոջ անեծքով մոգված պատուհանից դուրս էր թռչում, հոպոպ դարձած, անիծված հարսը, «չար» մարդիկ հանգցնում էին կրակը Թամար աղջկա և «ծիծաղախիտ Վանա ծովում» խեղդվում էր Թամարի սիրեկանը, որ կղզին կոչվի Ախթամար»... Հեքիաթ է, ցնդած տարիների մշուշ, դարերի զառանցանք...

Կարծես կախարդ լիներ, որ շոգիի և էլետրականության դարում արթնացնում էր անցածը. նա, այդ լոռեցի Հովհաննեսը, համաշխարհային պատերազմների և վուլկանային հեղափոխությանց մեր այս ահռելի դարում հրաշք էր, անկարելի հնճարք՝ զարմանալի զարմանք...

Մեկ֊մեկ էլ նա մանկանում էր կարծես և գրում էր պարզ ու անսեթևեթ երգեր, առակներ ու պոեմներ— մանուկների համար, և այդ երգերում ևս — հինն էր, նահապետականը, կախարդականը։ Նա ճանաչում էր բոլոր թռչուններին ու կենդանիներին, հասկանում էր նրանց լեզուն, գիտեր նրանց կենցաղն ու սովորությունները։ Նրանք հարազատ էին լոռեցի Հովհաննեսին, ինչպես այն արտուտր, որ «Լոռու հանդում»7 նստած՝ նայում էր իր ճամփին։ Մի անգամ զարկել էր մի հավք և մինչև մահ