Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

էր դեռ կայտառ ու իմաստուն—և նույնն էր, նույն լոռեցի Հովհաննեսը, նահապետական կյանքի վերջին մոհիկանը մեր պոեզիայում, վերջին կախարդն ու քնարերգուն, որ հեռանում է այսօր մեզանից—մեր Հով. Թումանյանը։

Հաջորդը—Իսահակյանն էր, մի հաջորդ սակայն, որ ապրել ու վաստակել էր նախորդի աչքերի առաջ, նրան համարյա թե ընկեր ու հասակակից, բայց, միևնույն ժամանակ, մի սերունդովդ կրտսեր նրանից և հասարակական ուրիշ ֆորմացիայից ելած։ Նա ելել էր այլևս ո՛չ թե գյուղից, ինչպես լոռեցի Հովհաննեսը, այլ մանր-սեփականատիրական գյուղաքաղաքից։ Նա, դեռևս աշխույժ ու կենդանի այդ գյումրեցի Ավոն, հանդես էր եկել համարյա թե Թումանյանի հետ մեկտեղ իր արդեն պատմություն դարձած «Երգեր ու վերքերով»10, ելել էր Գյումրիից, այդ արհեստավորական գյուղաքաղաքից ու բերել էր հետը «ընկեր տղոց» դարդիման երգը, կես-գյուղական հույզերն ու ապրումները։ Նահապետականին, պրիմիտիվ գյուղացուն հաջորդողը մանր-արհեստավորական միջավայրից ելած ինտելիգենտն էր, որ դեռ չէր մոռացել գյուղը, խորթ էր քաղաքին, վախենում էր քաղաքից, և նրա անխուսափելի հաղթության սարսափը առած՝ դարձնում էր աչքը դեպի գյուղը, կուզեր, որ Արազի ափին իր բոստանը լիներ և ինքը ծով-քրտինք թափեր իր սիրած աղջկա—Շուշանի համար։ Նոր-նոր ոտքը մեր երկիրը դնող կապիտալիզմի ահից անհանգստացած մանր-արհեստավորի պոետն էր գյումրեցի Ավոն, լոռեցի Հովհաննեսի կրտսեր եղբայրը, որոնց մեջ ընկնում է մի ամբողջ սերունդ, ի դեմս որոնց մեր հասարակական կյանքում մանր-արհեստավորը հաջորդում է նահապետական գյուղացուն