Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

Դառն էր աշխարհը այդ արհեստավորի աչքին, անցյալը, գյուղը, որից հեռացել էր նա քաղցած ու ձեռնունայն՝ գալիքի աներևակայելի սարսափների հանդեպ դրախտ էր, երազ էր թվում` առասպելներով և փերիներով։ Գյուղի և քաղաքի, անցածի ու գալիքի մեջտեղում օրորվելով, զուրկ դասակարգային կայուն հողից ու հեռանկարից` «դառը դատում ու դատարկ նստում»11 էր արհեստավորը և նրա բողոքը ոչ թե այս կամ այն դասակարգի դեմ էր, այլ «քար-աշխարհի» ընդհանրապես, որի դեմ և նա ըմբոստանում էր երբեմն՝ հարբելով, անիծելով, անհատական բունտով։ Գյումրուց, իր արհեստավոր ընկերներից բաժանվելով՝ Եվրոպա էր ընկել գյումրեցի Ավոն, ճանաչել էր այնտեղ աշխարհի գիտուններին և իմաստուններին և նրանցից մի բան էր միայն հասկացել, որ առանց նրանց էլ արդեն հայտնի էր իրան, դա Ավոյի համար արդեն քաջ ծանոթ այն իմաստությունն էր, որ «մարդը գազան է մարդու համար»—և ավելի լավ է գնալ գազանների մոտ, քան թե մնալ «մարդկանց» ընտանիքում12. հասկացել էր, պինդ գլխի էր ընկել ու մնացել էր նույնը, նույն դարդիմանը, նույն գյումրեցի «լոթի տղեն», որ աշխարքից ու մարդկանցից դառնացած, յոթը կառքով քեֆ է անում՝ մեկին գլխարկը, մեկին քամարը, մնացածներին էլ իր կոշիկներն ու այլ պատկանելիքները դրած։

Այնինչ, անցնում էին օրերը, հասարակական ասպարեզ էին դուրս գալիս արդեն խոշոր քաղաքների բուրժուական կենցաղի հետ կապված նոր ինտելիգենտներ, որոնց պոետը դուրս էր եկել Ախալքալաքից, գյուղից, բայց մեծացել էր Մոսկվայում։ Դա արդեն գյումրեցի Ավոյին էր ավելի մոտիկ, քան լոռեցի Հովհաննեսին, որից 17 տարով փոքր էր ինքը և երկու սերունդ կրստեր: