Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/94

Այս էջը հաստատված է

մերձեցման աշտարակ, այլազան մշակույթների սինթետիկ դեմք։ Գրիգորի Ռոբակիձե5, Աքպեր Սադըկով, Մուստաֆա Չոկաև6, Վալերի Բրյուսով—ամեն ժողովրդի ու ցեղի պոետ, ամեն մշակույթի տիպական ներկայացուցիչ նրա շուրջն էին խմբվում, հարազատանում նրան, և դեպի իրենց հեռու ու մոտիկ հայրենիքները տանում Հով. Թումանյանի՝ այդ հմայիչ լոռեցու մասին սիրելի հիշողություններ, հարգանք ու մեծարանք։

Այսպես էր Հով. Թումանյանը, և ինչքա՜ն մեծ պիտի լիներ նրա հմայքը, բանի՜ցս պիտի բազմապատկվեր նրա հաշտարար ազդեցությունը կովկասյան բովանդակ ժողովուրդների վրա, եթե հասկանալի լիներ նրա «Մի կաթիլ մեղր»-ի, «Ուժ»-ի և այլ ժողովրդական, ես կասեի՝ համակովկասյան իմաստություն պարունակող երկերի լեզուն կովկասյան բոլոր ժողովուրդներին։ Եվ դա, նրա լեզուն, կովկասյան բոլոր ժողովուրդներին մատչելի դարձնելը7 անկարելի գործ չէր, այլ ավելի քան կարելի ու հնարավոր, եթե նրա օրով գոյություն չունենային մեր բազմացեղ երկրում տերերի և իշխանների կանգնեցրած միջցեղային ոխի ու ատելության պատնեշները, որոնց քանդելու դեմ էր ուղղված և մեր մեծ Լոռեցու բովանդակ աշխատանքը։

Այսօր ընկել են այդ պատնեշները, կովկասյան ժողովուրդները եղբայրաբար մերձեցել են իրար, օրըստօրե խորանում ու անվտարելի արմատներ է ձգում այդ մերձեցումը,—և Հով. Թումանյանի, մեր մեծագույն պոետի նվիրական աճյունը գալիս է այսօր ավելի ևս ամրացնելու, ամրացման շաղախ լինելու մեր բազմացեղ երկրի բովանդակ ժողովուրդների միաձուլման համար։

Խորի՜ն հարգանք և անմոռանալի հիշատակ այդ վաստակյալ աճյունին…