Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/100

Այս էջը հաստատված է

ես վստահ եմ, սր այդ կինն ու երիտասարդը անմեղ են… որչա՞փ ատեն է, որ Ֆերիգեղ եկած են։

− Վեց ամիսե ի վեր հոս են եղեր։

− Լավ, այդ վեց ամսվան միջոցին օր մը օրանց վրանին խոսք մը լսվեցա՞վ, տուներնին խնդիր մը, կռիվ մը ելա՞վ, թաղին մեջ գայթակղության պատճառ եղա՞ն…

− Իրավ որ ես բան մըն ալ չեմ իմացած, մյուսներն ալ, որոնք թուղթը ստորագրեցին, անոնք ալ բան մը չէին գիտեր կոր։

− Տեսա՞ր մի,− գոչեց Սերգիս,− ի՞նչպես կըլլա որ մեկ օրեն մյուսը այս կինը գեշ եղած եղավ, անբարոյանան ու բոզ եղավ:

Գործավորը բոլորովին պղտորվեցավ, իր մտքի անդորրությունը խախտեցավ և հանկարծ երիտասարդին դառնալով հարցուց.

− Է, հիմա ի՞նչ ընելու է… Հաճի Թումիկն ալ չեկավ, որ գործը անկեց աղեկ մը հասկնայինք։

Սերգիս մտքին մեջ ծրագիր մը պատրաստած էր. աչքը գինետան նստողներուն վրա ժուռ ածեց և ըսավ.

− Հոս նստողները ամենքն ալ ստորագրա՞ծ են թուղթը։

− Գրեթե ամենքն ալ ստորագրած են, միայն սա նստողը չուզեց ստորագրել,− պատասխանեց գործավորը, իրենցմե երկու սեղան վեր գտնվող մեկը ցույց տալով։

− Ո՞վ է որ։

− Ուստա Սիմոն կըսեն, մառանկոզ է…

Այս այն սակավաթիվ անձերեն մեկն էր, որ ինչպես ընթերցողները գուցե կհիշեն, թեթև կերպով պաշապան կանգնած էր այրի կնոջ։

− Ինչպե՞ս մարդ է։

− Շնորհքով, ամուսնացած, զավակներու տեր մարդ է… հեմ ատ կնկան նստած սոխախը կնստի, երկու տուն վեր… ուստա Սիմոնը իլլե չստորագրեց, ըսելով որ ինք անոնց մոտը կնստի և օր մը օրանց մեկ անպատիվ վարմունքնին չէ տեսած։

Սերգիս ներքին ուրախություն մը զգաց, բայց հայտնի չըրավ։ Գինեպանին աշկերտը կանչեց և ըսավ, որ իրենց շիշ մը օղի բերե, հետո գործավորին դառնալով.

− Սա ուստա Սիմոնը քովերնիս հրավիր՛,− ավելցուց գործավորին:

Ատաղձագործը, առանց դժվարության, ընդունեց հրավերը։

Սերգիս տեսավ, որ Սիմոն աղա կատարյալ դաշնակից մըն էր