ինչ որ չվրիպեցավ ներկաներուն ուշադրութենեն, որոնցմե մին նույնիսկ, անհամբեր ըսավ.
− Խոսե՛ նայինք, Հաճի Թումիկ աղա, դուն ուրկե՞ իմացար այդ կնոջ անբարոյական ըլլալը։
− Բերայի Աղքատախնամին մեծը, Ղուկաս էֆ. Կելկիթյանը կանչեց ինծի և ան ըսավ, որ ասանկ կնիկ մը կա մեր թաղը, իրենք քններ, իմացեր են,− պատասխանեց գինեպանը։
Այս հայտնությունը չզարմացուց երիտասարդը, որ արդեն Գարեգինեն իմացած էր Ղուկաս էֆենտիի շահատակությունները։
Եվ ահա վիճաբանությանը վերսկսավ, շատերը կըսեին, որ, հարկ էր այդ թուղթը ստորագրելե առաջ՝ իրենք քննություն մը ընեին, փոխանակ միայն Ղուկաս էֆենտիի մը խոսքով ճամփա ելլալու, մանավանդ որ այդ մարդը կերևա, թե հայտնի հակառակություն մը ուներ Գարեգինի դեմ, ինչպես Սերգիս իրենց բացատրած էր. Սիմոն աղա ույժ կուտար այդ դիտողություններուն, կպատմեր Սաթենիկի թշվառ վիճակը, չարաչար աշխատությունը անոթի չմեռնելու համար իր յոթը տարեկան աղջկան հետ, որ նոր հիվանդութենե ելած էր։ Եվ հիմա որ այս ստորագրություններով հենելով՝ զինքը պիտի նետեին ձյուն ձմեռ եղանակին, առանց մեկ փարայի, ի՞նչ պիտի ըլլար այդ թշվառ կնոջ ու աղջկան վիճակը։ Միթե մեղք չէ՞ր այսպես հալածել անօգնական կին մը, որ հայտնապես զոհ կերթար հարուստի մը անխիղճ հակառակության։ Ի՞նչ պետք էր իրենց, պարկեշտ գործավորներ, ճակտներուն քրտինքովը ապրող մարդեր, որ գործիք ըլլային անոր…
− Ես եթե այս թուղթը ստորագրած ըլլայի,− եզրակացուց ատաղձագործ Սիմոն,− ալ գիշերը հանգիստ քուն չպիտի ունենայի, կերած հացս կոկորդես վար չպիտի երթար. խմածս հարամ պիտի ըլլար։
Այս խոսքերը խորապես հուզեց գինեպանը, որ թեև բարեմտությամբ և համոզումով գործած էր, բայց հիմա կզղջար ըրածին։ Իրավ, պետք էր որ անձամբ տեղվույն վրա քննություն մը կատարեին և կուրորեն հավատք չընծայեին Ղուկաս էֆենտիի խոսքերուն։ Հիմա մեկիկ-մեկիկ կհիշեր իր տեսակցության միջոցին էֆենտիի խոսքերը, որոնք ատելության և հակառակության դրոշմը կկրեին: Նույնիսկ, քիչ առաջ, երբ ստորագրություններով ծածկված հանրագրությունը ներկայացուցեր էր Ղուկաս էֆենտիին,