Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/105

Այս էջը հաստատված է

վաճառականը արտակարգ ուրախություն մը ցույց տվեր էր, կրկին լուտանքներ տեղացեր էր Գարեգինի հասցեին… «ան չափխընը սյուրկին ալ ընել պիտի տամ՝ իշալլահ» գոչեր էր ու քսակը հանելով կրկին երեք ոսկի տվեր էր Հաճի Թումիկին։

− Եթե պարզապես մեր աղեկության համար այդ կնոջ ետևեն ինկած է,− կմտածեր գինեպանը,− ինչո՞ւ համար այդքան կիրքով կխոսեր երիտասարդին մասին, հետո ինչո՞ւ այդպես առատորեն կվարձատրեր զինքը: Ի՞նչ պետք ուներ գրպանեն դրամ ծախսելու հեռավոր թաղի մը անբարոյական կին մը տունեն վտարելու համար։ Բոլոր այս բաները կպղտորեին իր միտքը և այդ ընդունած դրամը այժմ ահռելի կերպով կտանջեր զինքը։ Պահ մը խորհեցավ ետ դառնալ, երթալ Ղուկաս էֆենտիին գտնալ և թուղթը ետ պահանջել, բայց հետո ինքնիրեն մտածեց, որ ապահովաբար չպիտի տար և պարապ տեղը պզտիկ պիտի մնար։

− Էյ, ի՞նչ պիտի ընենք հիմա, Հաճի թումիկ աղա,− ըսավ ներկաներեն մեկը− …տեսա՞ր մի գլխներուս բերած փորձանքդ… աս լսած խոսքերես ետքը, ես ալ հանգստությունս կորսնցուցի գնաց…

− Վույ շունշանորդի, աճապա՛ ինծի օյինի՞ բերավ այդ Ղուկաս էֆենտին.− գոչեց գինեպանը, որ կամաց-կամաց կբորբոքվեր վաճառականին դեմ։

Ատենը ուշ էր սակայն և հաճախորդները մեկիկ-մեկիկ կմեկնեին հաշիվնին մաքրելով, և իրարու խոստանալով «վաղը դարման մը մտածելու»։

Սերգիս, իր կարգին, ոտք ելավ մեկնելու համար, սակայն Հաճի Թումիկ արգելեց զինքը:

− Դուն նստե, մյուսյու, քեզի հետ քիչ մը խոսիլ կուզեմ,− ըսավ։

Երբոր ամենքը հեռացան, Հաճի Թումիկ աշակերտին նոր շիշ մըն ալ բերել տվավ և երիտասարդին ու իր գավաթները լեցնելե ետքը, ըսավ.

− Ինծի նայե, մյուսյու Սերգիս, ես կեցած տեղս մարդու գեշություն ընել չեմ ուզեր, և եթե գիտնամ, որ այդ կնիկն ու երիտասարդը անմեղ են, պետք է որ անպատճառ այս գեշության առաջքը առնեմ․․․ ես խղճմտանքի տեր մարդ եմ, ուստի քանի որ դուն անոնց ճանչվոր ես, հիմա միասին իրենց տունը կերթանք, աչքովս պիտի տեսնամ իրենք, հետերնին խոսիմ, հասկանալիքս