Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/107

Այս էջը հաստատված է

Երբ Սաթենիկ քիչ մը հանդարտեցավ, պատմեց թե ինչո՞ւ այնքան այլայլված ու հուզված էր։ Իրիկունը՝ իր դրացուհին՝ Շաղիկ հանըմը եկեր և իմաց տվեր էր, որ զինքը իբրև անբարոյական տունեն հանելու համար հանրագրություն մը ստորագրված էր և թե գինեպան Հաճի Թումիկն էր այդ գործը կատարողը։ Ասիկա շանթի հարված մը եղեր էր իրեն համար։ Խելահեղ և հուսահատ ինկեր էր անկողնին վրա և ժամերով լացեր էր և ճիշտ ասոր համար չէր կրցած անմիջապես գալ դուռը բանալ։

Ու նորեն սկսավ հեծկլտալ։

Գարեգին գնաց գավաթ մը ջուր փնտռելու կնոջ հուզումը հանդարտեցնելու համար, մինչ Սերգիս կջանար զայն համոզել թե ամեն բան կարգադրած էին իրենք, թե եղածը թյուրիմացության մը արդյունք էր։

− Ես իբրև անբարոյական ամբաստանվիմ,− կհեկեկար Սաթենիկ,− ես որ խեղճ էրկանս մահվանեն ի վեր ամեն զոհողություն, ամեն զրկանք աչքս կառնեմ անարատ պահելու համար… իցիվ թե չդիմեի այդ անիծյալ Աղքատախնամին և այս փորձանքները գլուխս չի գար… այս ինչ ոճրագործություն է, աղջկան տեր կնոջ մը պատիվը արատավորել, ինչպե՞ս ասկե ետքը պիտի կրնամ մեկու մը երես նայիլ, ինչպե՞ս փողոց պիտի ելլեմ։

Հաճի Թումիկ այժմ կզգար իր արարքին ամբողջ չարիքը, ահռելիությունը, կուզեր խոսիլ, ինքզինք չքմեղացնել, բայց խոսքերը կոկորդին մեջ կմնային և անդադար գլուխը կտատաներ, հուսահատ շարժումով մը։

Սաթենիկ շարունակեց խոսիլ։ Իր աղքատ ու թշվառ այրիության ամբողջ պատմությունը ըրավ, անկեղծության այնպիսի շեշտով մը, որ կարելի չէր չհամոզվիլ իր ըսածներուն ճշմարտության։ Հետո՝ խոսեցավ Գարեգինի մասին, ըսավ թե ինչ մտերիմ բարեկամը եղած էր իր ամուսնույն և թե ինչ եղբայրական հոգածություն մը ունեցած էր իր վրա, անոր մահվընե ետքը և հիմա այդ անձնվեր պաշտպանությունն էր, որ կդատապարտվեր, որ անբարոյական կհռչակվեր…

Գինեպանը հարաճուն խղճի խայթով մը մտիկ կըներ Սաթենիկը։ Հիմա ալ բացարձակապես կըզգար խաբված ըլլալը և այս ստուգությունը կկատղեցներ և ամբողջ բարկությունը կկուտակեր Ղուկաս էֆենտիի դեմ, որուն անարգ գործիքը եղած էր: Եվ որովհետև