վրիպելով՝ եկած ինկած էր էֆենտիին բալթոյին թավիշե օձիքին վրա։ Տղաքը իրենց գործած այս անլուր ոճիրը տեսնելով՝ արդեն լեղապատառ փախած ու անհայտ եղած էին, և Ղուկաս էֆենտի ստիպվեր էր իր բարկությունը թափել ժամկոչին, լուսարարին, բարապանին ու խեղճուկ տերտերի մը վրա, որոնց պատահեր էր խորհրդարանին դռան առջև։
Չորսն ալ իր դեմը կեցեր էին, բարև բռնած, հանցավոր ճորտերու պես, մինչ շուրջերնին հետզհետե եկեղեցիեն ելլող հետաքրքիրները կանգ կառնեին։
− Աս ի՞նչ խաղքություն, աս ի՞նչ խայտառակություն է,− կորոտար Ղուկաս էֆենտի,– ինչո՞ւ թող կուտաք որ բակին մեջ խաղան… մազ մնաց, որ ձյունը աչքիս կուգար կոր։ Աստեղը ժա՞մ է, չէ նե մի Տոլապ Տերեսիին չեոփլիկը… աս բիճերուն վարժապետը ո՞վ է, տնօրեննին ո՞ւր է… աս ի՞նչ անբարոյականություն է, էֆենտիմ…
Լուռ, սարսափահար, ամենքը մտիկ կընեին, առանց նույնիսկ հավանության մրմունջ մը լսելի ընելու կամ շարժում մը ընելու։ Գիտեին էֆենտիի բնությունը, գիտեին, որ երբ անիկա բարկանար ու պոռար, հարկ էր կրավորական հլությամբ մը մտիկ ընել և թողուլ, որ բարկությունը անցնի։ Էֆենտին, բարկության ժամանակ, նույնիսկ չէր ներեր, որ իրեն իրավունք տային։
− Ատ չափխընները ինչո՞ւ աս ժամեն ներս կառնեք,− շարունակեց էֆենտին, հետզհետե ձայնը բարձրացնելով,− ժամուն խըթլըխը չի կա յա… թող Հարություն երթան, Լուսավորիչ երթան, Ֆերիգյուղի ժամը երթան, ճեհեննեմին պուճախը երթան… Ս. Երրորդությունն ալ թող մեզի ձգեն, թոհաֆ բան, շնորհքով մարդիկը ասոնց երեսեն ժամ չեն կրնար կոր երթալ… սա դուրս ելլողներուն նայեցեք…
Եվ էֆենտին աջ ձեռքովը մատնանիշ ըրավ նույն միջոցին եկեղեցիեն դուրս ելլող բազմությունը, պառավ, անկար կիներ, համալներ, պատառոտուն լաթերով ծերունիներ:
− Սա խաղքության, սա աղտոտության նայեցեք,− գոչեց նորեն,− ինչպե՞ս կուզեք, որ ազնվական ընտանիքներ ժամ գան, երբ այս պապուկները հոն լեցված են… գոնե կարգերնին ճանչնա՞ն, սանկ հետևոք կայնին, չէ՜, կերթան դասին առջև կտնկվին, առանց նայելու, որ քովը կեցողը ո՞վ է, իրեն աստիճանի՞ն մարդ