Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/115

Այս էջը հաստատված է

Ռոզիկ ալ իր կարգին մոտեցեր էր իր ապագա կեսուրոջ և ըստ սովորության, ձեռքը համրուրելե ետքը, ճակատը ներկայացուցած։

Անթառամ հազիվ թե շրթունքը դպցուց աղջկան ճակատին։

Հյուրերը աոաջին րոպեին զգացին ընդունելության արտասովոր պաղությունը, այսուհանդերձ տիկին Թագուհի թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ, մինչ Ռոզիկ կլոր սեղանի մը քով դրված աթոռի մը վրա կնստեր։

Տեսնելով որ տիկին Անթառամ սփինքսային լռություն մը կպահե, նախ և առաջ տիկին Թագուհի խոսիլ սկսավ։

− Ինչպե՞ս եք, աղեկ եք, տիկին,− հարցուց։

− Չէ, աղեկ չեմ,− պատասխանեց մյուսը,− քանի օրե ի վեր վրաս նեղություն մը կա։

− Արդյոք դուք ալ մյուսյու Լևոնեն նամակ առի՞ք… անշուշտ առած ըլլալու եք։

Այս հարցումը, մանավանդ վերջին հավաստումը դժնդակ հարված մը եղավ Անթառամի համար, որ ինքզինքին վրա մեծ ճիգ մը ընելով պատասխանեց.

− Այո, առի։

− Ուրեմն ձեզի ալ գրած ըլլալու է, որ իր վերադարձը քանի մը օր պիտի ուշանա։

− Այո, գրած էր։

Ինչպես գիտենք, տիկին Անթառամ չարաչար կստեր, սակայն իր հպարտությունը չէր ներեր իրեն խոստովանելու, թե զավակը զինքը մոռցած էր բոլորովին։

− Ինծի տասը երես նամակ մը գրած էր,− ըսավ Ռոզիկ աշխույժ զվարթությամբ մը, հակառակ սենյակին մեջ տիրող պաղության։− Ամբողջ ճամփորդությունը մանրամասն պատմած էր, հետո գործերուն մասին տեղեկություններ տված էր և հետո ըսած էր, որ ձեզի ալ իմաց տամ Փարիզ հասնիլը և գործի պատճառավ իր վերադարձին քիչ մը ուշանալը…

− Բայց արդեն տիկինին ինքն ալ գրեր է,− դիտել տվավ Թագուհի։

− Այո,− ըսավ աղջիկը,− զարմանալի բան, ես իր նամակեն այնպես ենթադրեցի որ ձեզի չէր գրած միևնույն ատեն, քանի որ կհանձնարարեր այդ հապաղումը իմաց տալ ձեզ…

Բոլոր այս փոխանակված խոսքերը ծայրահեղորեն գրգռեցին տիկին Անթառամը, որ իր մտային ներկա տրամադրության մեջ