Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/116

Այս էջը հաստատված է

այնպես ենթադրեց, որ այդ խոսքերը հատկապես կըլլային, իր նամակ ընդունելու պարագան սուտ հանելու համար, թեև ճշմարտությունն այն էր, որ տիկին Թագուհի և ոչ ալ աղջիկը այդպիսի կասկած մը չէին ունեցած։

− Ի՞նչ ըսել կուզե կոր,− գոչեց հանկարծ Անթառամ, խոսքը Ռոզիկի ուղղելով,− իբր թե նամակ չեմ առած ու սո՞ւտ կխոսիմ կոր, հա՞… կերևա որ դուն խրատեր ես զավկիս, որ նամակ չգրե ինծի…

Պատերազմի նշանը տրված էր և առաջին գնդակն էր, որ կարձակվեր։

Խեղճ Ռոզիկ շփոթված, դողահար այդ հանկարծական հարձակումեն, որուն բնավ չէր սպասեր, չէր գիտեր ինչ պատասխաներ։

− Բայց, տիկին, ինչ կըսեք,− կմկմաց.− ինչպես ատանկ ենթադրություն մը ձեր մտքեն կանցնեք… միթե կարելի՞ բան է…

− Լռ՛, լռե՛,− շարունակեց Անթառամ, հետզհետե բորբոքելով,− ես ան քու գիտցած տըլլա տիկիններեդ չեմ, ես գիտես որ լուր չունի՞մ անցած-դարձածեն, ձեր խաղցած խաղերեն… մեյ մըն ալ եկեր են, մայր ու աղջիկ, չամչնալով դեմս անցեր, քթիս կխնդան կոր, ասոնց նայեցեք մեյ մը…

− Կաղաչեմ, տիկին, հանդարտեցեք, ատոնք անվայել խոսքեր են,− գոչեց Թագուհի, որ չէր կրնար խելք հասցնել իրենց ապագա խնամիին այս անսովոր ընթացքին։

Իսկ հեգ Ռոզիկ, հուզված՝ սիրտը ելած՝ կարտասվեր այս անիրավ նախատինքներուն տակ։

Անթառամ, որ միտքը դրած էր կիսկատար գործ չտեսնել և ներսիդին կուտակված բոլոր մաղձը դուրս թափել, շարունակեց.

− Քանի համբերեմ, աչք գոցեմ ըսի, այնչափ խաղերնիդ առաջ տարիք… զավակս միամիտ գտաք, ծուղակ ձգեցիք տեյի՝ մա՞յրն ալ անանկ կարծեցիք, ինծի նայե, Թագուհի հանըմ, ես քեզի պես հանած վարածները ճեպես կհանեմ… հեմ աս ալ մտքերնիդ դրեք, որ զավակս հավու պես փեթթել չեմ ի տար ձեզի, անիկա այսչափ տարի աշխատեցավ, արյուն քրտինք թափեց քի հոս գա տե, կործանած, պարտքը պողազը մարդե՞ աղջիկ առնե… այսօր ուզեմ նե՝ ձեռքս պագնելով տասը հազար ոսկիով աղջիկ կուտան տղուս… ամեն օր չուր կուգա կոր, ինչ աղջիկներ, մեկը մյուսեն աղվոր, մեկը մյուսեն ուսյալ… չէ քի Ռոզիկին պես…

− Աղջիկս, ել երթանք,− ըսավ Թագուհի, բարկութենեն կաս-կարմիր