Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/117

Այս էջը հաստատված է

կտրած, մինչ Ռոզիկ ոտքի կելլեր հեծկլտուքը շարունակելով, ավելի բարձրաձայն։

− Ելեք, գացեք, դռները բաց են…− գոչեց Անթառամ ձեռքովը վանողական շարժում մը ընելով։

Տիկին Թագուհի և Ռոզիկ հասան տուն, ճամփան առանց խոսք մը փոխանակելու իրարու հետ։ Հարվածը այնքան անակնկալ, այնքան սաստիկ եղած էր, որ երկուքն ալ պապանձեր էին։ Անշուշտ Լևոնին մեկնումեն ի վեր նշմարած էին, որ Անթառամ պաղ վերաբերում մը ցույց կուտար իրենց հանդեպ, նույնիսկ կզգուշանար հետերնին տեսնվելե կամ մտերմություն ցույց տալե, բայց երբեք չէին երևակայեր, որ այդ չկամությունը կամ պաղությունը այսպիսի անբացատրելի մոլեգնությամբ մը պիտի պայթեր։ Խեղճ Ռոզիկ, տուն հասնելուն՝ ազատ ասպարեզ տվավ իր զսպված հուզումին և սենյակը քաշվելով, ուր մայրը գացած էր իրեն միանալու, սկսավ հորդ արցունք թափել։

Մանկատի աղջիկը իրապես կսիրեր Լևոնը, մանավանդ այն օրեն ի վեր, որ տեսած էր, որ երիտասարդը անկեղծ ու անշահախնդիր վարմունք մը ունեցած էր իրեն հանդեպ։ Այն կեղծ քծնումները, որոնք, իր ծնողքին խորհուրդով, ի գործ դրեր էր երիտասարդին հետ ունեցած տեսակցություններուն ատեն, շուտով ճշմարիտ տարփանքի մը փոխված էին։

− Ա՜խ, մայրիկ, ի՞նչ պիտի ընենք հիմա,− կհեծկլտար գլուխը իր մոր ծունկերուն վրա դրած…− ան ինչ սարսափելի նախատինքներ ըրավ մեզի, հիմա ինչպե՞ս իրարու երես սլիտի նայինք…

− Անպատճառ մեկը խոսք խառներ է,− կկրկներ տիկին Թագուհի.− այս եղածին մեջ թշնամիի մատ կա, ինչո՞ւ մեկ օրեն մյուսը այդ կինը այսպես մեզի դեմ դարձավ, ի՞նչ ըրինք իրեն…

Հետո ջանաց աղջիկը մխիթարել, ըսելով թե գուցե Անթառամ ջղային տագնապ մը ունեցած էր, թե իր ըրածին վրա պիտի զղջար, թե գուցե ներում պիտի խնդրեր։ Բայց աղջիկը այդ խոսքերեն չէր համոզվեր, այդ կնոջ աչքերուն մեջ կարդացեր էր անհաշտ ատելությունը իրեն նկատմամբ և հիմա կսոսկար, խորհելով, որ իր բոլոր ոսկի երազները պիտի ցնդեին այդ պառավյին պատճառով, զոր սիրաշահելու համար պետք եղածին չափ փույթ չէր տարած։

Իրիկունը սակայն, երբ Ղուկաս էֆենտի եկավ, Ռոզիկ անակնկալ ուրախություն ունեցավ. նոր նամակ մը Լևոնեն, ավելի սիրազեղ,